Եթե փողոցային առևտրով էլ ես պետք է զբաղվեմ՝ կկախվեմ

100 տոկոսով վերացնել փողոցային առևտուրը աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ իրականացնել, ոնց էլ լինի՝ տիկին Նաջարյանն իր վարունգը պետք է բերի քաղաքում ծախի, ուղղակի այդ ամենը պետք է արվի տրամաբանական սահմանների մեջ. Արթուր Մեսչյան

«Եթե գիտեմ, որ գյուղից ինչ-որ կին լոլիկ է բերել, որ փողոցում վաճառի և դրանով իր երեխային կերակրի՝ իր ցավը տանեմ։ Հարցը սա է, եթե մի բան արգելում ենք, ապա պետք է շանս տանք, ուղղակի ասել ոչ՝ չի կարելի՝ հնարավոր չէ։ Քաղաքապետարանի բարդությունն այսօր հենց դրա մեջ է, որ մենք ոչ ասելուց պետք է փնտրենք այլընտրանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով փողոցային առևտրի արգելմանը։

Նա միաժամանակ նշեց, որ այդ հարցն իր իրավասությունների մեջ չէ.

«Եթե փողոցային առևտրով էլ ես պետք է զբաղվեմ՝ կկախվեմ»,- ասաց Արթուր Մեսչյանը։

Նրա խոսքով՝ այսօր մշակվում է առևտրրի համար նախատեսված որոշակի գոտիների ստեղծման ծրագիրը, որի շրջանակներում կլինեն սեղանիկներ՝ հետաքրքիր ծածկով։ Այս ծրագրի իրականացումը հնարավորություն կտա, որպեսզի այն մարդիկ, որոնք շենքերի մուտքերում, դալաններում միրգ կամ այլ մթերք են վաճառում, տեղավորվեն այդ գոտիներում։

«100 տոկոսով վերացնել փողոցային առևտուրը աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ իրականացնել, ոնց էլ լինի՝ տիկին Նաջարյանն իր վարունգը պետք է բերի քաղաքում ծախի, ուղղակի այդ ամենը պետք է արվի տրամաբանական սահմանների մեջ։ Նորից եմ ասում՝ արգելելով՝ մենք պետք է շանս տանք, առանց դրա չի լինում, քանի որ դա սոցիալական խնդիր է, այդ մարդը տուն է պահում, ես չեմ կարող նրան արգելել»,- շեշտեց նա։