Գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ

Բոլոր խնդիրների լուծման հիմնական իմաստը տնտեսական զարգացման բանալին գտնելն է

Բոլոր խնդիրների լուծման հիմնական իմաստը տնտեսական զարգացման բանալին գտնելն է եւ առաջին հերթին ներդրումային հնարավորությունների ստեղծումը: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում այսօր գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ, քանի որ եթե նախկինում գյուղացիները պետությունից սերմնացու եւ վառելիք էին ստանում՝ հետագա վճարման պայմանով, ապա ներկայումս պետությունն ուղղակի հրաժարվում է միջամտել: «Ներկայումս վարչապետը ազատականացման եւ մրցակցայն հնարավորությունների պայմաններում հայտարարում է, որ պետության դերը կայանում է պայմանների ապահովման մեջ, այլ ոչ թե միջամտության: Բայց այս մոտեցումը դեռ պետք է ստուգել, որ հնարավոր լինի հասկանալ՝ արդյոք դա բավարա՞ր է, որ տնտեսությունը զարգանա»,- պարզաբանեց պատգամավորը:

Բագրատյանի կարծիքով՝ չնայած գյուղատնտեսության ոլորտում գործերը բավականին լավ վիճակում են եւ պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ են, բայց առաջարկված նախագծերը բավական դժվար են առաջ ընթանում, քանի որ գյուղաբնակները չեն վստահում վարկային ռեսուրսներին: Պատգամավորը վստահ է, որ անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրությունը ներդնել նվազագույնը 6 մարզերում՝ հնարավոր ռիսկերը մեղմելու համար:

Ընդ որում՝ նա նշեց, որ Հայաստանում գործունեության բոլոր ոլորտները այս կամ այն կերպ կապված են էներգապաշարների հետ, եւ առանց դա հաշվի առնելու երկրում անհնար է ներդրումներ իրականացնել: «Այդ պաշարները թանկ են, եւ արդյունքում վերջնական արտադրությունը կամ պարզ ասած՝ արտադրանքը նոր խնդիրների է բախվում»,- շեշտեց Բագրատյանը: