Հինգ մթերք, որոնք չեն հագեցնում

Յուղազուրկ աղցանային հավելում

1. Թարմ քամված հյութ

«Հյութային սննդակարգերը ժողովրդականություն են վայելում արդեն մի քանի տարի, բայց դրանք հազիվ թե կարելի է օգտակար անվանել,-ասում է դիետոլոգ Ջանել Ֆանկը (Janel Funk): Քամման գործընթացը հյութը զրկում է բջջանյութից, իսկ առանց դրա, այն ուղղակի քաղցր ըմպելիք է դառնում»: Ստացվում է, որ մի բաժակ թարմ քամված նարնջի հյութից մենք ընդամենը կալորիաներ ենք ստանում, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը վայրկենապես բարձրանում է: Դրանից հետո օրգանիզմի մշակած ինսուլինը նվազեցնում է շաքարի անբնականորեն բարձր մակարդակը: Եվ մեզ մնում է միայն քաղցի ավելի սրված զգացումը: Հյութքամիչը փոխարինեք հարիչով, իսկ ստացված խյուսին մեկ թեյի գդալ սպիտակուց ավելացրեք:

2. Յուղազուրկ յոգուրտ

«Գովազդը հաճախ նման յոգուրտը ներկայացնում է որպես առողջ եւ դիետիկ սնունդ, սակայն ջանացեք ավելի ուշադիր վերաբերվել ուտելու մի թեթեւ բան ընտրելիս,-զգուշացնում է դիետոլոգ Քեյլին Սենթ Ջոնը (Kayleen St. John): 170 մլ տարայով քիչ ճարպայնությամբ յոգուրտը թարմ հատապտուղների հետ 150 կալորիա է պարունակում, 6 գ սպիտակուց, 1,5 գ ճարպ եւ 25 գ շաքար: Ածխաջրերի բարձր մակարդակը եւ ճարպերի ցածր մակարդակը ձեզ կստիպեն ուտելիք փնտրել նույնիսկ այն բանից հետո, երբ ուտեք յուղազուրկ յոգուրտի վերջին գդալը»: Դրա փոխարեն ընտրեք սովորական հունական յոգուրտ եւ դրան ավելացրեք հատապտուղներ եւ ընկույզ: Այդ քաղցրեղենի ստանդարտ չափաբաժնում սպիտակուցները երկու անգամ ավելի շատ են, իսկ հավելումը կապահովի բջջանյութի եւ հակաօքսիդանտների անհրաժեշտ մակարդակը: Բայց նույնիսկ նման ուտեստով չարժե փոխարինել սննդի լիարժեք ընդունումը: «Յոգուրտը ծամում չի պահանջում, բացատրում է դիետոլոգ Լիզա Հայիմը (Lisa Hayim), իսկ առանց այդ պարզ գործողության, մեր օրգանիզմը հագեցում չի զգում»:

3. Ձվային սպիտակուց

Ձվի միայն սպիտակուցից ձվածեղը բացառիկ կերպով ժողովրդական է նիհարողների շրջանում, սակայն դիետոլոգները խորհուրդ են տալիս այնուամենայնիվ դեն չնետել դեղնուցները: «Սպիտակուցային ձվածեղից հետո շատ շուտով ձեզ դարձյալ քաղցած կզգաք,-ասում է Քեյլին Սենթ Ջոնը: Եվ չնայած ձվի սպիտակուցը սեփական սպիտակուցի հրաշալի աղբյուր է, հանքանյութերի, օգտակար ճարպերի եւ վիտամինների հիմնական պահուստը հենց դեղնուցում է: Միաժամանակ դուք կարող եք չհուզվել. դեղնուցով ձվածեղը ձեր կազմվածքը չի փչացնի»:

4. Յուղազուրկ աղցանային հավելում

Երբ մենք առեւտրի սայլակի մեջ սոուսի շիշ ենք դնում, որի վրա գրված է «0 տոկոս ճարպայնություն», մեզ թվում է, թե ճիշտ եւ առողջ ընտրություն ենք կատարում: Դիետոլոգները համաձայն չեն դրան: «Բոլոր իբր ցածր կալորիականությամբ հավելումներն իրականում լի են շաքարով եւ աղով,-զգուշացնում է Լիզա Հայիմը: Այդ պատճառով ճաշից հետո մեզ շարունակում է տանջել քաղցի զգացումը»:

5. Շաքար

Շաքարը ցանկացած ձեւում ընտելացում է առաջացնում, որովհետեւ բարձրացնում է դոֆամինի մակարդակը: «Հաշվի առնելով, որ մեզ պատմականորեն շաքար է անհրաժեշտ եղել գոյատեւման համար, իսկ շաքարի մեծ քանակությամբ մթերքները այժմ ամենուր հասանելի են, շաքարային կախվածությունը գնալով ավելի տարածված ու վտանգավոր է դառնում», – ասում է Ջուլիանա Հիվերը (Julieanna Hever), դիետոլոգ եւ «Բուսակերական սննդակարգ» գրքի հեղինակ: Շաքարի բարձր պարունակությամբ մթերքները շատակերություն են առաջացնում եւ ոչ օգուտ են բերում, ոչ հագեցում: Այդ իրավիճակից փրկությունը թարմ մրգերն են: «Երբ մենք քաղցր ենք ուզում, ավելի հեշտ է շոկոլադի բատոն կամ թխվածքաբլիթ ուտելը,-ասում է դիետոլոգը: Այն փոխարինեք խնձորով կամ տանձով, որոնցում շաքարից բացի, բջջանյութ եւ վիտամիններ կան»»