Հանրապետության հողերի 15–20 տոկոս սեփականատերերին չենք գտնելու

Փոխնախարարն առաջարկում է հետ վերցնել հողերը

Մեր փորձագիտական կարծիքով, հանրապետության հողերի 15–20 տոկոս սեփականատերերին չենք գտնելու, այդ հողերը կամ պետական, կամ համայնքային սեփականության պետք է հանձնել, հետո աճուրդների միջոցով վաճառել կան վարձակալության տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը:

Ըստ փոխնախարարի, կան մարդիկ, որոնք չեն օգտագործում իրենց հողակտորները եւ օրենքի ուժով կարող են պետությանը տալ վարձակալության, որից հետո պետությունը աճուրդով կհանձնի այդ հողերը երկարաժամկետ վարձակալության, վճարելով սեփականատիրոջը։

Կա նաեւ երրորդ տարբերակը. Պետությունը գնում է հողը, որից հետո կամ վաճառում է, կամ տալիս է վարձակալության։

Անդրադառնալով հողերի կտրտվածության մասին հարցին, Արտակ Քամալյանը շեշտեց, որ այն երկրի ամենամեծ խնդիրներից է եւ նախարարությունում զբաղվում են այդ հարցով. «Հանձնաժողով ենք կազմել, օրենքներ ենք մշակում, թե ինչպես լուծել հողերի կտրտվածության խնդիրը»: