ԱՄՆ-ում ծաղրածուն մի ամբողջ քաղաքի է վախեցրել

Ծաղրածուն ավտոմեքենան կայանել է դպրոցներից մեկի մոտակայքում եւ մինչ առաջին զանգը դպրոցականներին առաջարկել մոտ գալ եւ կոնֆետ վերցնել, ընդ որում, նա դուրս չի եկել ավտոմեքենայից եւ չի անջատել շարժիչը

ԱՄՆ Թենեսի նահանգում կասկածելի ծաղրածուն վախեցրել է Քլարքսվիլ քաղաքին։ Այնտեղ նա կոնֆետներ է հյուրասիրել դպրոցականներին եւ առաջարկել նստել իր ավտոմեքենան, հաղորդում է Life-ը՝ հղում անելով Clarksvillenow.com-ին։

Ծաղրածուն ավտոմեքենան կայանել է դպրոցներից մեկի մոտակայքում եւ մինչ առաջին զանգը դպրոցականներին առաջարկել մոտ գալ եւ կոնֆետ վերցնել։ Ընդ որում, նա դուրս չի եկել ավտոմեքենայից եւ չի անջատել շարժիչը։ Անծանոթի պահվածքը վախեցրել է երեխաներին, եւ նրանք փախել են։

Երբ դպրոցում իմացել են կասկածելի ծաղրածուի մասին, նա արդեն լքել է դպրոցի տարածքը։ Ծնողներն իմանալով այդ մասին՝ վախեցել են, տեղի ոստիկանապետը հրահանգել է գտնել տղամարդուն։

Շուտով ոստիկանությունը գնացել է տարօրինակ ծաղրածուի հետքերով։ Պարզվել է, որ տարեց տղամարդն իր ծննդյան օրը հագնում է ծաղրածուի կոստյում եւ երեխաներին կոնֆետներ բաժանում, այլ մտադրություններ նա չի ունեցել։