Արտակարգ դեպք Երեւանում

5 պացիենտներ քիչ է մնացել կուրանան աղիքային ցուպիկով վարակված աչքի կաթիլների պատճառով

Երեւանում 5 պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի կաթիլների պատճառով, որոնց պատճառով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել: Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի տնօրենի տեղակալ Զառա Մալայանը NEWS.amMedicine -ի թղթակցին հայտնեց, որ դեղն, ըստ նախնական անալիզների, վարակված է աղիքային ցուպիկով:

Զառա Մալայանի խոսքով՝ ինֆեկցիան պացիենտների համար անդառնալի հետեւանքներ չի ունենա. նրանք բոլորը ստացել են առաջին անհրաժեշտ օգնությունը եւ բուժումը եւ նրանց տեսողությունը կվերականգնվի:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը հաղորդել էր 8 պացիենտների մասին, որոնք վարակված աչքի կաթիլների օգտագործումից հետո գրեթե կուրացած էին արթնացել եւ դժվարությամբ էին կարողանում լույսը ստվերից տարբերել: Թերթի խմբագրություն էր դիմել տուժածներից մեկի հայրը, որը լուրջ կասկածներ էր հայտնել այն կապակցությամբ, որ իր որդու տեսողությունը կարող է լիովին վերականգնվել բուժումից հետո:

Տուժածներից մեկի հարազատը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, գնացել են սովորական սրսկման, որպեսզի մեկ ամիս հետո վիրահատեն, հետո, երբ տեսել են բարդություն կա՝ միանգամից սկսել են վիրահատել: Անհապաղ վիրահատել են մայիսի 8-ին:

«Տեսան, որ ինֆեկցիա է անցել աչքի մեջ, ասացին՝ չենք  հասկանում, թե դա ինչպե՞ս է հայտնվել: Հետո պարզեցին՝ դեղը, որ ներարկել են հիվանդներին, դրա  մեջ վիրուս կա, որն էլ ինֆեկցիա է առաջացրել, աչքի տակ թարախ է եղել: Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին:

Քանի որ իրենց մեղավորությունն էր,  ասացին՝  գոնե գումարի կեսը վճարեք, մերոնք հանեցին,  270.000  դրամ վճարեցին: Այդտեղ մի գնդապետ  կար, ում զոքանչը նույնպես այդ վիճակում էր, սկսեց վիճել, բոլոր հիվանդները, ովքեր կուրացել էին, նրանց գումարները հետ վերադարձրեցին ու բոլորին էլ անվճար վիրահատեցին: Աչքի հատակը՝ բորբոքված հատվածը, մաքրել էին: Հիմա մարդկանց շողքերն է տեսնում, շորերի գույները», - գրում է 168.am-ը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին: Ըստ նախարարության տվյալների՝ հիվանդների թիվը ոչ թե 8, այլ 6 է:

Դեպքի վերաբերյալ մանրամասները դեռ ճշտվում են: