Հրաձգություն Կոլորադոյի դպրոցներից մեկում. կա մեկ զոհ

The New York Times-ը, վկայակոչելով շրջանի շերիֆի գրասենյակը, հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մի քանիսը կրիտիկական վիճակում են

ԱՄՆ Կոլորադո նահամգում STEM դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 8 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է Դուգլաս շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԲԿ-ն: 

«Մենք կարող ենք հաստատել, որ STEM-ի աշակերտներից մեկը սպանվել է այսօրվա միջադեպի հետեւանքով: Մերձավոր ազգականները տեղեկացվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շերիֆի գրասենյակից նշել են, որ շրջանի հատուկ գործերի քննիչ Ջիլ Ռոմանը դեռեւս պաշտոնապես չի հաստատել, որ հրաձգության զոհ է դարձել 18-ամյա երիտասարդ:

The New York Times-ը, վկայակոչելով շրջանի շերիֆի գրասենյակը, հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած, որոնցից մի քանիսը կրիտիկական վիճակում են:

Կոլորադո նահանգում Դենվերից 40 կմ հեռավորությամբ գտնվող Հայրենդս Ռանչ բնակավայրի դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին: Նախնական տեղեկություններով՝ դպրոցի 2 աշակերտներ ուսումնական հաստատություն են եկել զենքով եւ կրակ բացել համադասարանցիների վրա: Ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 8 աշակերտներ: Իրավապահ մարմինների աշխատակիցները երկու հրաձիգին էլ ձերբակալել են: