Ի՞նչ կապ կա գրիպի դեմ պատվաստման եւ շաքարախտի միջեւ

Եթե մենք կանխենք դրանց զարգացումը, ապա չի լինի սադրիչ գործոն

Գրիպի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել օրգանիզմը ոչ միայն շնչառական ուղիների վարակիչ հիվանդությունից, այլեւ ավելի լուրջ հիվանդություններից։

Բանն այն է, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են գրիպը, կարմրուկը, խոզուկը, կարող են վնասել ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա-բջիջները։ Այն դեպքում, եթե մարդն ունի գենետիկ հակվածություն, այս գործընթացների արդյունքում նրա մոտ կարող է շաքարախտ զարգանալ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության երեխաների էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդատու, «Մուրացան» ԲԿ-ի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան։

«Վիրուսները վնասում են բետա-բջիջները, դրանց ամբողջականությունը խախտվում է։ Իսկ վնասված բջիջները արդեն չեն կարող ինսուլին արտադրել»,- պատմեց փորձագետը։

«Շաքարախտի կլինիկական պատկերն ունենալու համար պետք է խախտված լինի բետա-բջիջների 90 տոկոսը։ Այդ դեպքում ենթաստամոքսային գեղձը չի կարող անհրաժեշտ քանակի ինսուլին արտադրել։ Երեխայի մոտ սկսում են հայտնվել որոշակի բողոքներ՝ նա սկսում է շատ խմել, շատ միզել, նիհարել։ Միջինը 3-4 շաբաթվա ընթացքում նա ջրազրկված վիճակում (ախտանիշները՝ թուլություն, սրտխառնոց, փսխում եւ այն) ընկնում է հիվանդանոց»,- տեղեկացրեց Աղաջանովան։

Սրա հետ կապված՝ նա նշեց պատվաստման կարեւորությունը, որը կարող է օգնել պաշտպանել երեխայի օրգանիզմը վտանգավոր հիվանդություններից։ «Եթե մենք կանխենք դրանց զարգացումը, ապա չի լինի սադրիչ գործոն, որը գենետիկ հակվածության պայմաններում կարող է խթանել այս աուտոիմունային գործընթացը»,- ընդգծեց նա։