Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ դա տեղի ունեցավ Ռուսաստան նրա այցից անմիջապես հետո, ճի՞շտ է. Փոմպեո

Նշել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները մնում են ուժի մեջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Հյուսիսային Կորեան հրթիռների փորձնական արձակումներ է իրականացրել Վլադիվոստոկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի բանակցություններից հետո:

«Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ դա տեղի ունեցավ Ռուսաստան նրա այցից անմիջապես հետո, ճի՞շտ է: Նա այդ գործողությունների մասին որոշում է ընդունել Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցից հետո»,- ասել է ամերիկացի դիվանագետը CBS հեռուստաաիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Փհենյանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացման վերաբերյալ հարցին:

Մայիսի 4-ին ԿԺԴՀ-ն իրականացրել է փոքր հեռահարության հրթիռների արձակումներ, որոնք այնուհետեւ Սեուլն անվանել է «ռեակտիվ արկեր»:

Փոմպեոն հարցազրույցի ժամանակ նշել է որ Հյուսիսային Կորեայի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները մնում են ուժի մեջ:

«Մենք դեռ գնահատում ենք (հրթիռային արձակումների – խմբ.) համարժեք պատասխանը, բայց ես ցանկանում եմ, որ ձեր լսարանն իմանա, որ մենք մտադիր ենք օգտագործել բոլոր դիվանագիտական հնարավորությունները: Ես շարունակում եմ մեր գործընկերներին հրավիրել բանակցությունների»,- ասել է Փոմպեոն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: