Թուրքիան հայտարարել է, որ երբեք չի զիջի ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Ռուսական Ս-400 եւ ամերիկյան F-35 համակարգերի միաժամանակյա կիրառումը տեխնիկապես անհնարին է

Թուրքիան երբեք չի զիջի ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնք կապված են ռուսական Ս-400 զենիթային համակարգերը ձեռքբերելու հետ, շաբաթ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ մեկնաբանելով գործարքը, որը դարձել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ լարվածության պատճառը, հաղորդում է Reuters-ը:

Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցում Օքթայը հայտարարել է, որ այդ հարցով ԱՄՆ-ի մտահոգությունն անհիմն է, եւ հավելել, որ Թուրքիան չի նահանջի:

Վաշինգտոնը հայտարարել է, որ ռուսական Ս-400 եւ ամերիկյան F-35 համակարգերի միաժամանակյա կիրառումը տեխնիկապես անհնարին է եւ նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին Ս-400-ի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործարքը կնքելու դեպքում: Արդյունքում Պենտագոնը հայտարարել է F-35 նորագույն ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրից Թուրքիային հեռացնելու իր մտադրության մասին ռուսական Ս-400 զենիթային համակարգեր գնելու պատճառով: