Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհում գրեթե ցեղասպանության մակարդակի են

Տվյալները մատնանշում են ոչ միայն այն, որ քրիստոնյաներին հետապնդում են ավելի շատ թվով երկրներում, այլ նաեւ այն, որ հալածանքները դառնում են ավելի դաժան. Եպիսկոպոս Ֆիլիպ Մաունթսթիվեն

Աշխարհի որոշ շրջաններում քրիստոնյաների հետապնդումները հասնում են գրեթե ցեղասպանության մակարդակի, ասվում է այն հետազոտությունում, որն իրականացվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի կարգադրությամբ, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Միջանկյալ զեկույցում, որը կազմել է Թրուրոյի եպիսկոպոս Ֆիլիպ Մաունթսթիվենի գլխավորած հանձնաժողովը, ասվում է, որ ամեն երրորդ մարդ երկրագնդում դառնում է հետապնդումների զոհ կրոնական հողի վրա։

Այդ նույն զեկույցում ասվում է, որ քրիստոնյաները հավատացյալների ամենից շատ հետապնդվող խումբն են։

Նախարար Հանթի խոսքով՝ պոլիտկոռեկտությունը մասամբ մեղավոր է այն հարցում, որ այս խնդիրը չի բարձրացվում ԶԼՄ-ներում եւ նրան պատշաճ ուշադրություն չի հատկացվում։

Զեկույցի հեղինակներն ասում են, որ քրիստոնյաներին զանգվածաբար ստիպում են հեռանալ հայրենի բնակավայրերից, ինչի հետեւանքով քրիստոնեությունը կարող է լիովին ոչնչանալ Մերձավոր Արեւելքի շատ երկրներում։

Օրինակ, ասվում է զեկույցում, ներկա պահին քրիստոնյաները կազմում են պաղեստինցիների մեջ բնակչության ընդամենը 1,5 տոկոսը։ Իրաքում մինչեւ 2003 թվականն ապրում էր 1,5 մլն քրիստոնյա, իսկ այսօր նրանք 120 հազարից էլ պակաս են։

«Տվյալները մատնանշում են ոչ միայն այն, որ քրիստոնյաներին հետապնդում են ավելի շատ թվով երկրներում, այլ նաեւ այն, որ հալածանքները դառնում են ավելի դաժան»,- ասում է եպիսկոպոս Ֆիլիպ Մաունթսթիվենը։

«Կարելի է ասել, որ որոշ շրջաններում քրիստոնյաների հետապնդումներն իրենց ծավալով ու բնույթով ընդհուպ մոտեցել են այն մակարդակին, որը համապատասխանում է ՄԱԿ դասակարգմամբ՝ ցեղասպանության միջազգային սահմանմանը»,- ավելացրել է նա։

Նախարար Ջերեմի Հանթը կարգադրել է հետազոտությունը կատարել 2018-ի դեկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ մամուլում սկանդալ բռնկվեց պակիստանցի քրիստոնյա Ասիա Բիբիի ճակատագրի շուրջ, որին սպառնում էին մահվամբ, չնայած դատարանը նրան անմեղ էր ճանաչել իսլամը վիրավորելու հարցում։