Աշոտ Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը և այլ հայտնի դերասաններ` Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում

«Անհասցե ծնվածները» խորագրով հեռուստասերիալը պատմում է եռյակի մասին, որոնց ծնողները զոհվել են, երեխաները որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից և կորցրել իրար

Կարեն Ասլանյանը, Էմմա Մանուկյանը, Թելման Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Աշոտ Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Հարություն Մովսեսյանը, Աիդա Բաբաջանյանը, Լեռնիկ Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, Անի Քոչարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը, Անուշկա Մարգարյանը, Եվա Բաղդասարյանը և այլք նկարահանվում են Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում։ Նախագծի առաջին մանրամասները Դիանան պատմել է  և հայտնել, որ այն եթերում կլինի այս ամիս։

«Անհասցե ծնվածները» խորագրով հեռուստասերիալը պատմում է եռյակի մասին. երեխաների  հայրն ազատամարտիկ է, զոհվել է պատերազմի դաշտում, մայրը ևս զոհվել է թուրքի գնդակից։ Երեխաները որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից և կորցրել իրար։ Եռյակին մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Թելման Խաչատրյանը և Էմմա Մանուկյանը։

Դիանան նկատեց, որ հայտնի դերասանների կողքին հեռուստադիտողները կտեսնեն նաև նոր դեմքերի։ Հաղորդավար Թելման Խաչատրյանը սովորում է  Թատերական ինստիտուտի 4–րդ կուրսում։ «Թելմանը գեղեցկադեմ տղա է, որն էկրանի հերթական սրտակերներից է լինելու։ Նա և Կարենը ընդհանուր նմանություն ունեն ու հետաքրքիր են որպես եղբայրներ,– ասաց Դիանան ու հավելեց, որ, այնուամենայնիվ, նմանության վրա հատուկ շեշտադրում չեն արել,– Ճիշտ նմանությամբ եղբայրների գտնելու խնդիր չէի դրել իմ առաջ, քանի որ երկվորյակները կամ եռյակները կարող են նման լինել, կարող են` ոչ։  Տղաներն ընդհանուր նմանություն ունեն, սակայն դա գերխնդիր չէր, եթե նման խնդիր լիներ, դերասաններից մեկը երկու կերպարն էլ կմարմնավորեր։ Դա ամենահեշտն է, որ կարելի է անել, սակայն այդպես հետաքրքիր չէր լինի»։

Պրոդյուսերը նկատեց, որ նոր աշխատանք սկսելիս բարդ է դերասանական կազմի ընտրությունը, սակայն գոհ է այն կազմից, որի հետ աշխատում է։ «Ես աշխատում եմ շատ լավ դերասանների հետ, բայց և հասկանում եմ, որ հեռուստադիտողներն ուզում են տեսնել նոր դեմքերի,– ասաց նա ու հավելեց, որ կարևորում է նաև դերասանների մարդկային որակները, որպեսզի աշխատանքային ընթացքը հաճելի լինի,– երբեմն համագործակցության  դադար եմ ունենում` գիտակցելով, որ հեռուստադիտողները նոր դեմքերի են ուզում տեսնել։ Օրինակ` «Առաջնորդներում» խաղում էին Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը, Աիդա Բաբաջանյանը, Անուշկա Մարգարյանը, «Նռան հատիկում» նրանցից որևէ մեկը չկար, այս նախագծում կրկին կլինեն։ Սա թարմություն է, որպեսզի հեռուստադիտողներն էլ չհոգնեն։ Շնորհակալ եմ այն դերասաններին, որոնք հավատարիմ են ինձ, օրինակ, Աիդա Բաբաջանյանը որևէ տեղ այդպես էլ չնկարահանվեց, ասաց` ես 2 տարի դադար կվերցնեմ և կսպասեմ քո հաջորդ նախագծին»։

Այս հեռուստասերիալում ամենաանսպասելին թերևս, Աշոտ Ղազարյանի մասնակցությունն էր։ Հումորային ժանրում հայտնի դերասանն առաջին անգամ է ներկայանալու հեռուստասերիալում։ Դիանան վստահ է` գործը հաջողելու են։ «Ամենաբարդ բանն աշխարհում մարդուն ծիծաղեցնելն է, ավելի դժվար է հային ծիծաղեցնել, քանի որ հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է։ Եթե մարդը կարողանում է դիմացինի դեմքին ժպիտ նկարել, կկարողանա նաև խորը դրամա խաղալ,– ասաց նա, ապա պատմեց, որ համագործակցության գաղափարը ընդհանուր զրույցի ժամանակ է ծնվել,– Մեր ընտանիքների մտերմությունը վաղեմի պատմություն ունի։ Աշոտը միշտ ասում է, որ իր աչքի առաջ եմ մեծացել։ Մեր հերթական  հանդիպման ժամանակ զրուցեցինք, հասկացա, որ ինքն էլ ցանկություն ունի սերիալում խաղալու։ Զրույցի ընթացքում համատեղ ծնվեց գաղափարը։ Այդ ժամանակ դեռ «Նռան հատիկն» էր եթերում, 8-9 ամիս հետո նոր նախագծի աշխատանքները սկսեցինք ու հասկացա, որ կարող ենք համագործակցել»։