Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ռոբերտ Էմմիյանին

Դեռեւս 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը կարող է ծառայել նաեւ հայկական աթլետիկային՝ այնտեղ կառուցելով  միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի: Կառավարությունից պահանջվում է միայն մարզադաշտի ասֆալտապատման ֆինանսավորումը, մնացածն անում են աթլետիկայի միջազգային եւ եվրոպական կառույցները:

Այս մասին  ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Դեռեւս 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը  հայտնել էր, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված: Նախարարների փոխվելուց հետո, սպորտի նախարարությունը եւ կառավարությունն այդպես էլ չֆինանսավորեցին Ռոբերտ Էմմիյանի նախագիծը՝ տարբեր պատճառաբանություններ առաջ քաշելով: Իսկ այդ ընթացքում հայկական աթլետիկայի լեգենդը տարբեր բանակցությունների արդյունքում նախագծի համար հայկական կողմից պահանջվելիք ֆինանսավորումը հավասարեցրեց նվազագույնի: Բայց այս պարագայում էլ ՀՀ կառավարության խոստումները մնացին անկատար:

Այժմ վազքուղի կառուցելու նախագիծը Ռոբերտ Էմմիյանն արդեն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կրկին սպասում է կառավարության արձագանքին:

Պարոն Էմմիյան, երկրի իշխանության փոխվելուց հետո ի՞նչ համաձայնություն կա Ձեր նախագծի վերաբերյալ:

Ես դեռ շարունակում եմ սպասել եւ հուսալ, որ այս նախագիծն իրականություն կդառնա: Նախկինում խոսքը «Հրազդան» ստադիոնի մասին էր: Հետո հայտարարվեց, որ ստադիոնը սնանկ է ճանաչվել եւ կառավարությունը չի կարող ֆինանսավորել սնանկ ճանաչված կառույցին: Ցանկանում էին վազքուղին կառուցել Երեւանից դուրս, բայց իմ մեծ ցանկույունն է եղել միշտ վազքուղին ունենալ Երեւանում: Այժմ քննարկվում է «Հանրապետական» մարզադաշտում վազքուղին կառուցելու տարբերակը:  Այս քանի օր սպասում եմ ՀՀ կառավարության պատասխանին: Հենց լինի համաձայնությունը, եվրոպական եւ միջազգային կառույցները պատրաստ են անմիջապես սկսել վազքուղու կառուցապատումը: 2-3 շաբաթվա ընթացքում վազքուղին կկառուցվի:

Եթե այս վազքուղին ունենանք, մեր ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտերի» հույսին չենք մնա, շատ հնարավորություն կունենանք օլիմպիական նորմատիվներ լրացնել: Մեր մարզիկները շատ աշխատասեր են, մեծ ձգտում ունեն լավ արդյունքներ անելու, ուղղակի լավ պայմաններ չունենք մարզվելու համար: Այս վազքուղին ուղղակի անհրաժեշտություն է:

Ի՞նչ է պահանջվում կառավարությունից՝ վազքուղու նախագիծն իրականացնելու համար:

Արդեն ոչինչ... Միջազգային եւ Եվրոպական ֆեդերացիաները համաձայնել են ամբողջությամբ ֆինանսավորել իմ այս նախագիծը: Ռետինե ծածկույթը, կառուցապատման ծախսերը միջազգային կառույցերը ամբողջությամբ վերցրել են իրենց վրա: 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ շատ բարձր մակարդակով ընդունեց: Նա տեղեկացված էր բոլոր իմ արդյունքներից, մարզական կարիերայից: Հաճելի զրույց ունեցանք: Հասկացա, որ նա շատ լավ է վերաբերում աթլետիկա մարզաձեւին, ծանոթացավ իմ նախագծին եւ համաձայնություն տվեց Հայաստանում նման վազքուղի կառուցել: Խոստացավ, որ հնարավորինս արագ կլուծվի այդ հարցը, պետք է համագործակցենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի «Հանրապետական» մարզադաշտում կառուցենք վազքուղին: Վարչապետի առաջարկն է վազքուղին կառուցել «Հանրապետական» ստադիոնում: Նա նույնպես ընդգծեց, որ «Հրազդան» ստադիոնը թղթաբանական խնդիրներ ունի եւ լավ կլինի, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնը ծառայի հայկական ֆուտբոլին եւ աթլետիկային: Այժմ ամեն օր սպասում եմ պատասխանին, թե երբ կառավարությունը հանձ կառնի ասֆալտապատման աշխատանքները, իսկ մնացած հարցերով շատ կարճ ժամանակահատվածում կզբաղվեն միջազգային եւ եվրոպական կառույցները :

Պարոն Էմմիյան, ե՞րբ են մեկնարկում աթլետների օլիմպիական վարկանիշային մրցաշարերը եւ ի՞նչ հնարավորություններ ունի մեր հավաքականը:

Ունենք հրաշալի երիտասարդություն եւ առաջատար մարզիկներ: Լեւոն Աղասյանը, Երվանդ Մկրտչյանը եւ մյուսները կարող են օլիմպիական ուղեգրեր նվաճել: Լեւոն Աղասյանը շատ լավ ցուցանիշներ ունի եւ այս պահին նա հավակնում է օլիմպիական ուղեգրի: Հավաքականի մյուս անդամներն ամեն ինչ կանեն, որ ուղեգիր նվաճեն, լրացնեն օլիմպիական նորմատիվներ:

Թիմը կունենա նաեւ համալրում ԱՄՆ-ից: Ամերիկաբնակ աթլետ Ալեքսանդր Դոնիկյանը շուտով կհամալրի հավաքականը եւ թիմի հետ կպայքարի օլիմպիական վարկանիշների համար: Ալեքսանդր Դոնիկյանը հրաշալի արդյունքներ ունի, հանդես է գալիս 100 եւ 200 մետր վազքում, ԱՄՆ-ում այս տարվա ձմեռային բոլոր մրցաշարերում հաղթել է:

Արդեն այս ամռանը նա կդառնա հավաքականի անդամ: Ինքս եմ նրան առաջարկել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Նա սիրով ընդունել է: Արդեն ժամանել է Հայաստան, ունի հայկական անձնագիր: Շնորհակալ եմ մեր կառավարությանը, որ մարզիկին սիրով ընդունեցին եւ տվեցին հայկական անձնագիր: Այժմ սպասում ենք միջազգային ֆեդերացիայի թույլտվությանը, որպեսզի արդեն պաշտոնապես Ալեքսանդր Դոնիկյանը տեղափոխվի Հայաստանի հավաքական:

Հույս ունեմ, որ նա օլիմպիական ուղեգիր կնվաճի: Ամեն ինչ կանենք, որ այս տարի նա արդեն ամռանը լինի մեր հավաքականում եւ մասնակցի մրցաշարերին:

Հունիսից մեկնարկում են վարկանիշային մրցաշարերը: Նախաօլիմպիական տարում ունենք աշխարհի առաջնություն Քաթարում, Եվրոպայի թիմային առաջնություն, Բալկանյան երկրների մրցաշարը, Եվրոպայի առաջնություն եւ մի շարք միջազգային մրցաշարեր: