Թող ժողովրդի մասին մտածեն. Քաղաքացին՝ Քաղաքացու օրվա մասին

Ինձ համար կյանքը խորհուրդ չունի, ինչ տոնի խորհուրդ

Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը: Տոնի խորհրդի մասին մեր հարցումները հազիվ գտան պատասխաններ. Քաղաքացիները քչախոս էին. հրաժարվում էին տեսախցիկի առջև հայտնել իրենց կարծիքը։

168.am-ը տեսախցիկից չխուսափող մի քանի համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են նշելու իրենց տոնը։ Պատասխաններից պարզ դարձավ, որ հարցվողներից շատերի համար օրը տոնական չէր, մի քանիսն էլ մեզնից էին տեղեկանում տոնի մասին.

«Ինձ համար կյանքը խորհուրդ չունի, ինչ տոնի խորհուրդ»,- մեր հարցին ի պատասխան նկատում է համաքաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշը՝ «Տոնն ինչպե՞ս եք նշելու» հարցին, այսպես արձագանքեց. «Ամեն ամիս տոն-տոն են սարքում, էսպես ո՞նց կլինի. թող ժողովրդի մասին մտածեն…»։

Դրական կարծիքներ էլ հնչեցին. կային մարդիկ, որոնց տոնն իսկապես ոգևորել էր. «Եթե տանը լինեի, կնշեի: Շատ ուրախ եմ, որ Քաղաքացու օրը նշվեց, որովհետև մինչև հիմա նման բան չէր եղել»։

Տեսախցիկից դուրս՝ մեզ հետ զրույցում հնչում են նաև կոշտ գնահատականներ. «Ի՞նչ տոն է, որ նշեմ… Էս թազա հնարած տոները… Ես հին մարդ եմ, ես հիշում, որ 4 օրից Մայիսի 1-ն է՝ Աշխատավորների օրը, բայց հիմա աշխատավոր ժողովուրդ չի մնացել Հայաստանում, որովհետև աշխատատեղ չկա»։

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին քաղաքացու օրվա առթիվ. «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:

Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով:)»։

Հիշեցնենք՝ մարտի 21-ին կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը: Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Կառավարությունն օրվա միջոցառումների կազմակերպման համար հատկացրել է 124 միլիոն դրամ: