PepsiCo-ն դատի է տվել հնդիկ ֆերմերներին Lay's չիփսերի կարտոֆիլ վաճառելու պատճառով

PepsiCo-ն մատնանշում է 2001 թվականի բուսատեսակների եւ ֆերմերների իրավունքների պաշտպանության օրենքի 64-րդ հոդվածը եւ հայտարարում, որ իր իրավունքները խախտվել են

PepsiCo ընկերությունը դատի է տվել հնդիկ ֆերմերներին ընկերության գրանցած կարտոֆիլի տեսակի աճեցման եւ վաճառքի համար, որն օգտագործվում է Lay's չիփսերի պատրաստման համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hindu պարբերականին։

Տեղեկացվում է, որ այս ամիս PepsiCo-ի հնդկական մասնաճյուղը հայցեր է ներկայացրել չորս ֆերմերների դեմ՝ դրամական փոխհատուցում պահանջելով։ Ապրիլի 9-ին դատարանը վճռել է ժամանակավոր արգելք մտցնել պատասխանող կողմի համար՝ չաճեցնել եւ չվաճառել կարտոֆիլ մինչեւ ապրիլի 26-ը։ Բացի այդ, դատարանի վճռով, կարտոֆիլի նմուշները պետք է ուղարկել պետական լաբորատորիա՝ փորձաքննության։

Ուրբաթ տեղի են ունենալու հերթական լսումները Գուջարաթ նահանգի օկրուգային դատարանում։

Իրենց հերթին, ֆերմերական ասոցիացիաները խնդրել են բուսատեսակների եւ ֆերմերների իրավունքների պաշտպանության վարչության (PPV&FRA) աջակցությունը։ Նրանք նամակ են ուղարկել վարչություն՝ խնդրելով պատասխան հայց ներկայացնել իրենց անունից եւ վճարել դատական ծախսերը։ Նամակում ֆերմերները նաեւ նշել են, որ 2018-ից PepsiCo ընկերությունը արդեն ինը ֆերմերի է մեղադրել։

Ինչպես նշում է պարբերականը, PepsiCo-ն մատնանշում է 2001 թվականի բուսատեսակների եւ ֆերմերների իրավունքների պաշտպանության օրենքի 64-րդ հոդվածը եւ հայտարարում, որ իր իրավունքները խախտվել են։ Բայց ֆերմերական ասոցիացիաները մատնանշում են նույն օրենքի 39-րդ հոդվածը, որի համաձայն՝ ֆերմերները կարող են «պահպանել, օգտագործել, ցանել, նորից ցանել, փոխանակել, կիսել կամ վաճառել իրենց գյուղարտադրանքը, այդ թվում այն տեսակների սերմերը, որոնք պաշտպանում է այդ օրենքը», եթե չեն վաճառվում առեւտրային նմուշի սերմեր։