ՌԴ-ից այս և մյուս տարվա բոլոր մատակարարումների պայմանավորվածությունները ձեռք են բերված

Ռուսական բազան ժամանակի ընթացքում մոդեռնիզացվելու է եւ համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի եւ քանակի վերաբերյալ. Դավիթ Տոնոյան

Ռուսաստանից այն մատակարարումները, որ պետք է իրականացվեն մինչեւ տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ մանրամասնությունները չի կարող բարձրաձայնել:

«Երբ կմատակարարվեն, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմակայանում եւս «ՍՈՒ-30» օդանավեր են տեղաբաշխվելու, նախարարն արձագանքեց. «Ռուսական բազան ժամանակի ընթացքում մոդեռնիզացվելու է եւ համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի եւ քանակի վերաբերյալ»:

Դիտարկմանը, որ ԱՄՆ-ում իր արած հայտարարությունը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը վերաձեւակերպում է «նոր պատերազմ նոր տարածքներ»-ով, Ադրբեջանը որպես սպառնալիք է որակել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ինչ որ ուզում էի, ինչ ասել, ասել եմ: Եկեք չշարունակենք, արդեն ամեն ինչ ասվել է»:

Ավելի վաղ հայտնի էր, դարձել, որ օրերս Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ առաջին ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստան կմատակարարվեն հաջորդ տարվա սկզբին. «Առաջին փուլում կլինի 4 ինքնաթիռ: Մատակարարումները նախատեսվում է սկսել տարեվերջին և 2020թ.-ի սկզբին: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ ռուսական կործանիչների համար արդեն կատարվել են առաջին գումարային փոխանցումները: