Շրի Լանկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չտրվել իսլամատյացությանը

Շրի Լանկայի բնակիչների մեծամասնությունը բուդդայականներ են, մնացյալը՝ հինդուիստներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ. ինքը՝ Մայթրիփալա Սիրիսենան բուդդայական է, նա հավաստիացրել է, որ շուտով Շրի Լանկան կվերադառնա իր նորմալ կյանքին

Շրի Լանկայի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան  հանրությանը կոչ է արել հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Ուրբաթ Daily News պարբերականը հայտնել է, որ պետության ղեկավարն այս հայտարարությունը կատարել է իր նստավայրում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Պայթյունների պատճառով, որոնք իրագործել են մի քանի ծայրահեղականներ, մուսուլմանների հանդեպ ատելությամբ մի լցվեք: Որովհետեւ բոլոր մուսուլմանները դատապարտում են այս հրեշավոր հարձակումը»,- շեշտել է Սիրիսենան: Նա հավաստիացրել է, որ շուտով տեղական ահաբեկչական խմբավորումների անդամները կկալանավորվեն, եւ Շրի Լանկան կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին: 

Շրի Լանկայի բնակիչների մեծամասնությունը բուդդայականներ են, մնացյալը՝ հինդուիստներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ: Ինքը՝ Մայթրիփալա Սիրիսենան բուդդայական է ու բուսակեր: 2018 թվականի մարտին այս երկրի իշխանությունները արտակարգ դրություն էին սահմանել մուսուլմանների եւ սինհալների միջեւ բախումների պատճառով, որոնք կազմում են երկրի բնակչության մեծ մասը:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր տեղի էր ունեցել 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ժամերգության ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այս թիվը բժիշկները սխալմամբ մեծացրել են: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է մոտ 250 մարդ: Հայտնի է, որ ձերբակալվածների թիվը կազմում է մոտ 80: