Այս կառավարությունն անպատասխանատու գործելաոճի և անարդյունավետ պետական մեքենայի վառ դրսևորում է

Արդեն վեց ամիս է, ինչ պնդում եմ և շարունակում եմ ասել, որ չկա ուղղակի պատճառահետևանքային կապ աշխատողների ստվերում գտնվելու և եկամտային հարկի դրույքի միջև. Հովհաննես Ավետիսյանն

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ ուղիղ եթերում արված ֆեյսբուքյան հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ի պատասխան այն քննադատությունների, որ իշխանությունները ստում են՝ ներկայացնելով, թե Հայաստանում հեղափոխությունից հետո 50-51000 աշխատատեղեր են ստեղծվել, ասել է.

«Երբ այս 50.000 թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը՝ կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, այո, ամենաառաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից դուրս են եկել: Բայց, իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում: Քանի որ կասկածներ էին հնչում, ես հանձնարարել էր, որ բացվածք տրամադրեն, թե որ ոլորտում որքանով է ավելացել»:

Փաստորեն, ոչ թե աշխատատեղեր են ստեղծվել, այլ իրականում հեղափոխությունից հետո այդ աշխատատեղերն ուղղակի ստվերից են դուրս եկել։
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն այս կապակցությամբ գրել է.

«Համահարթը արդար և ազնիվ չէ

Փաշինյանի 50,140 աշխատատեղի մասին, ինչպես ինքը ընթացքում ասեց, դա հեղափոխության շնորհքն է, ոչ թե Կառավարության գործունեության: Եվ ինչպես ինքը նշեց, սա ձեռնարկութունների կողմից հրապարակած թվերն են, այսինքն մարդիկ վստահություն են փորձում դրսևորել և ներկայացնել իրական աշխատատեղերի թիվը:
Հետևաբար սա աճ չի կարող ներկայացվել, այլ ստվերից դուրս գալ պետք է դիտարկվի, ինչը կնշանակի՝ հարկերի հավաքագրման առումով սա ազդեցություն կունենա, սակայն ոչ տնտեսության, քանի որ այս մարդիկ արդեն տնտեսության ակտիվ գործոն էին, ուղղակի ստվերում էին գտնվում:

Այստեղ մեկ այլ կարևոր հարց կա, որ այս գրառման բուն նպատակն է: Կհիշե՞ք, համահարթ եկամտային հարկի ներմուծումը ինչո՞վ են հիմնավորում: Այո, Կառավարության բերած հիմնավորումներից մեկը, եթե ոչ գլխավորը, ստվերում գտնվող աշխատատեղերի կրճատումն է: Արդեն վեց ամիս է, ինչ պնդում եմ և շարունակում եմ ասել, որ չկա ուղղակի պատճառահետևանքային կապ աշխատողների ստվերում գտնվելու և եկամտային հարկի դրույքի միջև: Ստվերը վատ վարչարարության արդյունք է: Կառավարությունը հակառակում իր պնդումների հիմնավորումներ այդպես էլ չներկայացրեց:

Ստացվում է ինչ, շուրջ 50,000 աշխատատեղ ստվերից դուրս է եկել, սակայն եկամտային հարկի համահարթ դրույքը դեռ ներդրված չէ:

Ի՞նչ է ստացվում, համահարթը աշխատատեղերը ստվերից հանելու հիմնավորումը կամ շինծու է, կամ մտացածին, կամ անգրագիտության արդյունք: Սրանով հանդերձ՝ Կառավարությունը դեռ հետ չի կանգնել համահարթ եկամտային հարկման համակարգ ներդնելուց: Այս կառավարությունը անպատասխանատու գործելաոճի և անարդյունավետ պետական մեքենայի վառ դրսևորում է: Եվ այս մեքենան մեզ հեռու չի տանելու:
#ոչհամահարթհարկմանը»։