Ժողովուրդը հաղթական երթը շարունակելու կամք եւ համարձակություն ունի. ՀՀ վարչապետ

Ապրիլի 26-ին նշվում է մտավոր սեփականության պաշտպանության միջազգային օրը

Ժողովուրդը հաղթական երթը շարունակելու կամք եւ համարձակություն ունի։ Այս մասին ապրիլի 26-ին «Մտավոր սեփականության կարեւորությունը տնտեսական հեղափոխության իրականացման գործում» կոնֆերանսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի համար մտավոր սեփականության պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն ունի։ «Այսօր բոլոր կարեւոր նորարարությունները մտքի եւ գաղափարի արդյունք են։ Ինտերնետը, սմարթֆոնները, համակարգիչները, այդ ամենը մարդու մտավոր աշխատանքի արդյունքն է։ Հայաստանում տնտեսական հեղափոխության հիմքում ընկած է հենց դա։ Հիմա արդեն այն ժամանակները չեն, երբ կարեւոր էր այն, թե արդյոք մենք ունենք բնական պաշարներ, թե ոչ։ Ավելի կարեւոր է՝ արդյո՞ք մենք ունենք գաղափարներ, արդյո՞ք մենք ունենք մտավոր աշխատանքի ունակություններ։ Չկա ավելի արժեքավոր ռեսուրս, քան համարձակությունը, որը նույնպես մտավոր սեփականություն է։ Ժողովուրդն արդեն դրսեւորել է այդ համարձակությունն ու մարտահրավեր նետել անելանելիության զգացմանը, որը կար առաջ»,- նշել է նա։ Փաշինյանն ընդգծել է, որ մտավոր սեփականության բավական ներուժ կա Հայաստանի զարգացման եւ անվտանգության բարձրացման համար։

Նրա խոսքով՝ մտավոր սեփականության պաշտպանության խնդիրը ամենահրատապներից մեկն է ողջ աշխարհում։ «Դա կապված է այն բանի հետ, որ մարդկությունը եկել է այնպիսի եզրակացության, որ չկա ավելի արժեքավոր բան, քան գաղափարը։ Վերջին 100 տարիների գործընթացները ցույց են տվել, որ նյութական սեփականությունից ավելի կարեւոր է մտավոր սեփականությունը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ դրանով է բացատրվում այն, որ գրեթե բոլոր հարթակներում, միջազգային բոլոր կոնֆերանսներում եւ միջոցառումներում մտավոր սեփականության պաշտպանության թեման միշտ կարեւոր տեղ է զբաղեցնում, եւ այդ հարցը  լիովին համատեղելի է այն գաղափարախոսության հետ, որը դարձել է փոփոխությունների հիմքը Հայաստանում։ «Ես ինքս միշտ ասում եմ, որ մեր խնդիրների բոլոր լուծումները մեր գլխում են։ Ոչինչ չի կարող վերափոխվել իրականության, եթե այդ փոփոխությունները տեղի չունենան մեր մտքերում»,- ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ տնտեսական հեղափոխության իրագործման հարցում չափազանց կարեւոր է մտավոր սեփականության պաշտպանությունը։ «Մենք կջանանք, որպեսզի խթանենք մտավոր գործունեությունը։ Ստեղծագործության վրա չհիմնված գործունեությունը դատապարտված է ձախողման, այդ թվում տնտեսական եւ պետական»,- ամփոփել է վարչապետը։

Նշենք, որ ապրիլի 26-ին նշվում է մտավոր սեփականության պաշտպանության միջազգային օրը։