Մի վախեցեք հեծանիվ հորինելու համարձակությունից, արեք այդ քայլը

Շատ կարեւոր է, որ տնտեսական յուրաքանչյուր գործունեության հիմքում դրվի կոնկրետ գաղափար, բիզեսը առաջին հերթին մտավոր, ինտելեկտուալ գործունեություն է և ոչ մի բան չի կարելի անել առանց մտածելու. Նիկոլ Փաշինյան

Այն հնարավորությունները, որ մենք ստեղծում ենք աղքատության հաղթահարման, գործարարության, փոքր բիզնեսի զարգացման համար, ես համոզված եմ, որ նախաձեռնությունը կվերցնեն կանայք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ տնտեսական յուրաքանչյուր գործունեության հիմքում դրվի կոնկրետ գաղափար. «Սա շատ կարեւոր է, որովհետեւ այդ թվում բիզեսը առաջին հերթին մտավոր, ինտելեկտուալ գործունեություն է: Ոչ մի բան չի կարելի անել առանց մտածելու: Ես համոզված եմ որ բիզնեսում նոր գաղափարները Հայաստանում գնալով շատանալու են: Այսօր էլ մենք տեսնում ենք այդպիսի գաղափարներ: Թվում է՝ ամեն ինչ մտածված է, բայց Հայաստանում մարդիկ կարող են մտածել եւ ստեղծել թեյ եւ ունենալ հաջողություն: Թվում է՝ թեյը ստեղծված է մի քանի հազարամյակ գոյություն ունի: Բայց մարդիկ թեյ են ստեղծում, ու դա նորություն է»:

Փաշինյանը նշեց, որ վերջերս մի ընկերական քննարկման ժամանակ ասել է, որ օրինակ այն արտահայտությունը, որ պետք չէ հեծանիվ հորինել, շատ վնասակար է համարում:

Վարչապետը ցույց տվեց իր ձեռքի հեռախոսն ու ասաց. «Եթե այս սարքի հեղինակը մտածեր, որ պետք չէ հեռախոս ստեղծել, այս հեռախոսը չէր ստեղծվի: Այնպես որ կանանց կոչ եմ անում՝ չվախենալ հեծանիվ ստեղծելու, հորինելու համարձակությունից: Արեք այդ քայլը եւ դուք անպայման կհաղթեք եւ ձեզ հետ կհաղթի Հայաստանը, հայ ժողովուրդը եւ ընդհանրապես մարդկությունը:

Նշենք, որ Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Համաժողովին մասնակցում են եւ ելույթներով հանդես եկան Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրետ Ֆարնուորթը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի FCEM-հայաստանյան նախագահ,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյան, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ Մարի Քրիստին Օղլին: