Բժիշկները վիրահատել են մոր արգանդում դեռ չծնված երեխային

Վիրահատությունը տեւել է 5 ժամ եւ այն իրականացրել է 11 բժիշկներից կազմված թիմը

Եգիպտոսից բժիշկ Վաել Էլ Բանը ցուցադրել է տեսանյութ, որը նա գործընկերների հետ նկարահանել է ցդեռ չծնված երեխայի վիրահատության ժամանակ:

Վիրահատությունը տեւել է 5 ժամ եւ այն իրականացրել է 11 բժիշկներից կազմված թիմը: Վիրահատությունն անցկացվել է Կահիրեի հիվանդանոցում՝ Gohar Hospital-ում:

Երեխայի մոտ զարգացման բնածին արատ կար՝ ողնաշարի ճեղքվածք (Spina bifida), որի պատճառով նա կարող էր հաշմանդամ դառնալ: Նրա ողնաշարի վրա անցկացված վիրահատությունը, երբ նա դեռ մոր արգանդում էր, կարող է նրան փրկել հաշմանդամությունից: Այժմ երեխան գոնե առողջ ծնվելու հնարավորություն  ունի:

Պացիենտը՝ 36-ամյա կինը, որի անունը չի նշվում, վիրահատության անցկացման ժամանակ հղիության 26-րդ շաբաթում էր: ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ պտուղը բնածին լուրջ արատ ունի, սակայն կինը կտրականապես հրաժարվել է հղիության ընդհատումից:

Հոլովակը հրապարակած բժշկի խոսքով՝ եւ պտուղը եւ մայրն այժմ իրենց լավ են զգում: