Մենք հիմա գտնվում ենք կիսապետական վիճակում. Վարուժան Ավետիսյան

Եկեք մոռանանք այդ գեղեցիկ երազանքների մասին, և մեր ջանքերը կենտրոնացնենք երկրի հզորացման վրա

Եթե մենք ունենանք բավարար հզորություն, լինենք սուբյեկտ, հիմա այդպիսին չենք, այդ ժամանակ աշխարհը կսկսի տեսնել ու ճանաչել մեզ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ խոսելով  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:

«Հայաստանի Առաջին հանրապետությունը քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթվել է, մասնատվել և զրկվել  ինքնիշխանությունից: Այդ կետից պետք է սկսենք: Հայաստանը նաև ուներ իր կենսունակ պետություն ստեղծելու համար լեգիտիմ, միջազգային ակտերով սահմանված, արդեն որոշված տարածք, որն առաջարկվեց Փարիզի վեհաժողովի արդյունքում»,- ասաց Ավետիսյանը և, ավելացրեց, որ  Երրորդ հանրապետությունն այդ գործընթացների արդյունքում կարելի է համարել որպես միջանկյալ փուլ՝ ինքնիշխան ու միացյալ Հայաստանի կայացման ճանապարհին:

«Մենք հիմա գտնվում ենք կիսապետական վիճակում, դեռևս «սպիտակ» ցեղասպանության ընթացքի մեջ ենք: Եկեք մոռանանք այդ գեղեցիկ երազանքների մասին, և մեր ջանքերը կենտրոնացնենք երկրի հզորացման վրա»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը: