Շատախոսություն

Միշտ հիշիր, որ խոսքը զգայարաններից է գալիս, ուրեմն դու նրան քո ծառան դարձրու և ոչ թե՝ տերը

 

Ապրիլի 22

 

Իմ առաջնորդության կարիքը էլ ավելի կզգաք այն ժամանակ, երբ շատ ավելի մոտենաք Ինձ: Այս իրողությունը անկասկած է:

Սակայն այն ժամերը, որ հատկացնում եք Ինձ, միայն նրա համար չեն, որ Ես ձեզ ճանապարհ ցույց տամ, այլ ավելի շուտ մի պատեհություն է, որ զգաք ու լինեք Իմ Ներկայության մեջ: Մի՞թե ճյուղը շարունակ խնդրում է Որթատունկից, որ ավիշ ուղարկի իրեն կամ թելադրի, թե ինչ ուղղությամբ պետք է աճել: Ոչ, ավիշը գալիս է բնական եղանակով այնքան, որ ճյուղը կապված է Որթատունկին: Ես ասացի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և դուք ճյուղերն եք»: Այո, խաղողի ընտիր ողկույզները ճյուղերից են կախվում՝ իրենց տեսքով ու համով ուրախություն ու հաճույք պատճառելով ամենքին, սակայն ոչ մի ճյուղ չի կարող մտածել, որ ինքն է սնուցում ու կազմավորում պտուղը: Ոչ, խաղողը պտուղն է Որթատունկի, Մայր Տունկի: Ճյուղի գործը, իրականում, այն է, որ ծառայի իբրև սնուցող, կյանքի ավիշը պտուղին հասցնող խողովակ:

Այս պատճառով է Ինձ հետ մեկ լինելը դառնում ձեզ համար բացարձակ անհրաժեշտություն: Մնացյալ բաները հետևում են սրան շատ բնական կերպով, իսկ Իմ Ներկայության Գիտակցության արդյունքը կարող է լինել՝ Միությունը Ինձ հետ: Ուրիշների հետ խոսելու մեծ ցանկություն մի ունեցեք. հսկեք ձեզ վրա, որ շատախոսությամբ չզբաղվեք: Աղոթքով խնդրեք, որ այլոց հետ խոսելու կարիքը բացարձակ անհրաժեշտություն լինի, իսկ ձեր կողմից իրենց տրվող առաջնորդությունը՝ շատ պարզ ու հստակ: Շատ հաճախ Իմ Հոգին հեռանում է մարդկանցից հենց խոսելու պատճառով. խոսքեր, խոսքեր, անվերջ շարունակվող խոսքեր: Շատերն են Ինձ Տեր, Տեր անվանում, բայց Իմ խոսքերը չեն կատարում:

Նշանակում է՝ մի քաջալերեք շատ խոսելը: Գործերը ապրում և արդյունավորվելով՝ իրենց պտուղն են թողնում դարերի մեջ, իսկ բառերը կորչում են զուր, ինչպես Պողոսն է ասում. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհք ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»:

Հիշեք, որ շատ քիչ դեպքում է, որ Ես բառերով եմ խոսում մարդու սրտի հետ: Մարդիկ Ինձ տեսնում են Իմ Գործերի մեջ, որ կատարվում են ձեր միջոցով, և իրենց հանդիպումը Ինձ հետ կատարվում է Սիրո և իրենց անձնուրացության մթնոլորտի մեջ: Ուստի քիչ ապավինեք բառերին: Միշտ հիշիր, որ խոսքը զգայարաններից է գալիս, ուրեմն դու նրան քո ծառան դարձրու և ոչ թե՝ տերը: