Աֆղանստանի Գերագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների ժամկետը

Ընտրությունները միտումնավոր են հետաձգվել այդ բանակցությունների համար ավելի մեծ տարածություն ստեղծելու նպատակով

Աֆղանստանի Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների ժամկետը մինչեւ ընտրությունների անցկացումը, որոնք հետաձգվել են:

Ինչպես հաղորդում է AFP-ը, նախագահական ընտրությունները պետք է կայանային ապրիլի 20-ին, սակայն աֆղանական պաշտոնյաները պատրաստ չէին խորհրդարանական ընտրություններից հետո նոր համազգային քվեարկությանը: Քանի որ այդ ընտրությունների վերջնական արդյունքները դեռեւս հայտնի չեն, նախագահական ընտրությունները հետաձգվել էին մինչեւ հուլիսի 20-ը, այնուհետեւ՝ սեպտեմբերի 28-ը:

Ariana News-ը հրապարակել է դատարանի հայտարարությունը, որում ասվում է, որ նա «հետաձգել է նախագահ Հանի պաշտոնավարման ժամկետը մինչեւ նոր նախագահի ընտրությունները»:

«Գերագույն դատարանը հասկանում է ֆինասնական խնդիրները, ինչպես նաեւ անվտանգության եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, որոնց հետ բախվում է ընտրահանձնաժողովը»:

Ընտրությունների օրվա տեղափոխումը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ թալիբների հետ խաղաղ համաձայնության գալու փորձերի ֆոնին: Որոշ գործիչներ գտնում են, որ ընտրությունները միտումնավոր են հետաձգվել այդ բանակցությունների համար ավելի մեծ տարածություն ստեղծելու նպատակով: