Ռուսները ընտրել են արևմտամետ Ղազինյանին

Ես հիմա պատրաստվում եմ այնտեղ խոսել առկա խնդիրների, Արցախյան հակամարտության հեռանկարների, կարգավորման լուծումների մեխանիզմների մասին.Արթուր Ղազինյան

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 23-25-ը միջազգային անվտանգության հարցերով կոնֆերանս է անցկացնելու, եւ Հայաստանից հրավեր է ստացել միայն «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության նախագահ, քաղաքագետ Արթուր Ղազինյանը։ Հրավերն ուշագրավ է նրանով, որ Ղազինյանը համարվում է արեւմտամետ գործիչ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Այդ կոնֆերանսը, որին ես ստացել եմ մասնակցելու հրավեր, այդքան եվրոպական, արեւմտյան, թե ռուսական՝ նշանակություն չունի, քանի որ կոնֆերանսին մասնակցում են բավականին մեծ թվով արեւմտյան հյուրեր, փորձագետներ, նաեւ արեւմտյան երկրների պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Դա շատ կարեւոր հարթակ է՝ եվրասիական տարածքում անվտանգության խնդիրները քննարկելու համար։

Իրենք էլ, բնականաբար, Հայաստանով այս պահին բավականին հետաքրքրված են, միգուցե դաշտը հետազոտել են, փորձել են գտնել գործընկերներ։ Չեմ կարող ասել՝ ինչու են ինձ հրավիրել, ըստ երեւույթին՝ որոշակի հետաքրքրություն կա, եւ կցանկանան ավելի մանրամասն տեղեկանալ իմ կողմից սկսված քաղաքական գործընթացի մանրամասներին»։ Այսինքն՝ դա կա՞պ ունի իր ստեղծած կուսակցության հետ, Ղազինյանն ասաց․ «Ըստ երեւույթին՝ այո։ Չգիտեմ՝ մոտիվացիան ինչում է կայանում, ինձ զանգեցին, ասացին, որ ուրախ կլինեն ինձ տեսնել կոնֆերանսին։ Բնականաբար, ես համաձայնեցի հաճույքով մասնակցել, նաեւ ելույթի հնարավորություն տրվեց՝ Հարավային Կովկասում անվտանգության թեմայով։ Եվ ես հիմա պատրաստվում եմ այնտեղ խոսել առկա խնդիրների, Արցախյան հակամարտության հեռանկարների, կարգավորման լուծումների մեխանիզմների մասին»։