Տնտեսական անորոշություն

Տնտեսության զարգացման հստակ ծրագիր ունենալու համար առաջին հերթին վիճակագրական հստակ բազա է պետք

«Պետական տուրքի մասին» խորհրդարանական քննարկումներն առայժմ միանշանակ վերլուծության ենթակա չեն: Դրանք, իհարկե, առաջին հերթին հետաքրքիր են՝ պարզելու համար, թե վերջապես ինչ տնտեսական քաղաքականություն են վարելու մեր իշխանությունները: Բայց առայժմ տպավորություն է, որ խնդիրներին կիսատ-պռատ լուծումներ են տրվում:

Այսպես, խորհրդարանը մի կողմից բարձր մաքսատուրք սահմանեց ցեմենտի ներմուծման համար (22 հազար դրամ 1 տոննայի համար), փոխարենը՝ մաքսատուրք չսահմանեց ցեմենտային կլիկերի համար, որ ցեմենտի արտադրության միջանկյալ արդյունք է և հումք: Ուստի, դժվար է միանշանակ գնահատել՝ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում սեփական արտադրողի նկատմամբ պրոտեկցիոնիզմ կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ: Այս հարցը բոլոր նրանց ուշադրության կենտրոնում էր, ովքեր փորձում են հասկանալ թե ինչ արժեհամակարգ է դրվելու մեր տնտեսության հիմքում:

Հստակ պատասխան չտրվեց: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը հնարավոր է՝ դեռ երկար ու լուրջ սպասումներ պահանջի: Իհարկե, կարելի է ասել, որ կառավարությունն ու իշխող ուժն իրենց համար դեռ չեն հստակեցրել տնտեսական քաղաքականության հիմքերը: Այսպես կարծելու դեպքում կարելի է նաև փաստարկել, որ երիտասարդ կառավարիչները դեռ երկար են խարխափելու, մինչև հստակ մոտեցումներ ձևակերպելու հնարավորություն ունենան:

Տնտեսության զարգացման հստակ ծրագիր ունենալու համար առաջին հերթին վիճակագրական հստակ բազա է պետք: Իսկ մեր վիճակագրությունն իր ալարկոտությամբ համադրելի է միայն ադրբեջանականի հետ: Վրաց կամ թուրքական վիճակագրության արագության հետ ոչ մի համեմատություն: Մտեք այդ երկրների պաշտոնական կայքերն ու կհամոզվեք: Մենք դեռ առաջին եռամսյակի ընդհանուր տվյալները չունենք, իսկ վրացիներն արդեն «մանրամասնում» են առաջին եռամսյակը:

Տնտեսության ցանկացած ոլորտի (թե՛ պետական, թե՛ մասնավոր) մենեջեր վստահ կպնդի, որ կառավարման արդյունավետություն հնարավոր է միայն ժամանակին ունեցած վստահելի տեղեկատվական բազայի առկայության դեպքում: Հիմա մեր կառավարիչներն ու պատգամավորները տնտեսական հարցերը քննարկում են դեռևս չհրապարակված (այսինքն, պաշտոնապես չընդունված) թվեր նշելով: Լավագույն դեպքում՝ նախանցած տարվա տվյալների վրա հենվելով: Սա այն դեպքում, երբ Վրաստանի տնտեսությամբ հետաքրքրվողները հստակ կարող են տեսնել, որ 2019թ. առաջին եռամսյակում, օրինակ, արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է (12.8 տոկոսով): Աճել ու դարձել է 2,8 մլրդ դոլար: Ընդ որում, ներմուծումների ծավալը կազմել է 1.9 մլրդ դոլար, իսկ արտահանմանը` մոտ 900 մլն դոլար: Բացասական սալդոն մոտ մեկ մլրդ է:

Ուզում եք պարզել՝ համադրելի՞ է արդյոք մեր տնտեսության ծավալների ու պատկերի հետ, չեք կարող: Մենք այդ տվյալները դեռ չենք հրապարակել: Եթե առաջին եռամսյակի ավարտից մեկ-երկու ամիս հետո հրապարակվեն, ապա դրանք կլինեն միայն ընդհանուր թվեր: Մինչդեռ վրաց տնտեսական կառավարիչներն իրենց ձեռքի տակ ունեն շատ ավելի մանրամասն տեղեկատվություն: Այստեղ նշվում են արտաքին ապրանքաշրջանառության և՛ կառուցվածքը, և՛ գործընկեր երկրների ցանկը: Օրինակ՝ կարելի է տեղեկանալ, որ Ադրբեջանը վրացական արտահանումների ծավալում դարձել է երրորդ երկիրը (Թուրքիայից ու ՌԴ-ից հետո): Ադրբեջանին բաժին է ընկնում վրաց արտահանումների մոտ 12 տոկոսը: Կարող եք տեղեկանալ, որ այս տարվա առաջին եռամսյակում 542 տոննա (10.7 մլն դոլարի արժեքի) ծխախոտ է արտահանել Ադրբեջան: Կարող եք նաև համեմատել ու տեսնել, որ այս ոլորտում ապրանքաշրջանառությունը, 2018-ի համեմատ, մոտ 26 տոկոսով կրճատվել է:

Վրաց կառավարիչները հնարավորություն ունեն ժամանակին արձանագրելու այս փաստը և փորձելու արտահանման հետագա անկումը կանխելու քայլեր նախաձեռնել: Ի վերջո, նման բծախնդրությամբ ու ճիշտ ժամանակին նկատեցին, թե ինչը կարող էր լուրջ մուտքեր ապահովել երկրին ու գործարարներին: Խոսքը մեզ՝ հայերիս շատ հայտնի ավտոմեքենաների շուկայի մասին է: Անհավանական է, բայց Վրաստանի արտահանման երկրորդ ապրանքատեսակը (պղնձից ու պղնձի հանքաքարից հետո) մարդատար ավտոմեքենաներն են (արտահանումների 12 տոկոսն են): Այս տարի Վրաստանից արտահանվել է 99,1 մլն դոլարի ավտոմեքենա:

Հասկանալի է` միջնորդ դառնալն ու տարածաշրջանի երկրների «վրա» ավտոմեքենա վաճառելը դժվար է փաստարկման միջոցով հիմնավորել, որ կապ ունի այս տարի Չինաստանի հետ կնքած տնտեսական պայմանագրի հետ: Ուզում եք՝ համընկնումը պատահականություն համարեք, ուզում եք` ոչ, բայց Վրաստանում Չինաստանը էլեկտրամոբիլների գործարան է կառուցում: Ի վերջո, հաջողության հասնում է նա, ով ձգտում է: Իսկ ի՞նչ տնտեսական նպատակ ենք դրել մենք և ո՞ր ոլորտների զարգացմանն ենք նպատակաուղղելու մեր ջանքերը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org