«Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է գործի». Գագիկ Ծառուկյան

10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են

Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, առօրյա կյանքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ։

«Տվյալ բան ասած մարդն (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագ Հովակիմյանին- խմբ) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունը ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորանալ ու խոսել»,- ասաց նա։

Ծառուկյանը մտադիր չէ իր աշխատաոճը փոխել՝ ավելի շատ ելույթներ ունենալու տեսքով։ Նրա կարծիքով, եթե ԱԺ ցանկացած պատգամավոր Գագիկ Ծառուկյանի արածի գոնե 3 տոկոսն աներ, ապա հիմա երկիրը կծաղկեր։

Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց բավական լարված մթնոլորտում։ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթից հետո։