Հեղափոխությունից հետո ունենք կոռուպցիան չհանդուրժող քաղաքացի

Ուզում եմ, որ սա բոլոր իրավական ու պետական մարմինները կարևորեն

 «Մարդկության պատմությունից էլ սկսենք, մեր երկրի պատմությունից էլ սկսենք, թե նույնիսկ 3-րդ հանրապետության պատմությունից, ժամանակի ընթացքում հակակոռուպցիոն պայքարն ավելի ուժեղացել է, մարդկանց իրավագիտակցությունն է բարձրացել: Հեղափոխությունից հետո՝ այսօր, ունենք շատ ավելի ակտիվ, շատ ավելի նախաձեռնող, շատ ավելի կոռուպցիան անհանդուրժող քաղաքացի: Ուզում եմ, որ սա բոլոր իրավական ու պետական մարմինները կարևորեն»,- ապրիլի 17-ին, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե հակակոռուպցիոն թեմայով համաժողովի ընթացքում գլխավոր դատախազն ասել էր` պաշտոնյաներն այլևս երաշխիք չեն ունենա, որ չեն պատժվելու, արդյո՞ք մինչև հիմա ունեցել են այդ երաշխիքները, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա նշեց, որ այսօր անհատական դեպքերով այնպիսի իրավիճակներ են լինում, որ նախկինում չէին էլ կարող պատկերացնել և որպես օրինակ նշեց, որ որևէ մեկն իր փոքր կոլեկտիվում տեղի ունեցող անհանդուրժելի երևույթի մասին կարող է բարձրաձայնել:

«Ես սա շատ կարևորում և շեշտադրում եմ: Ես շահագրգիռ եմ, որ պատմական այս հնարավորությունը բաց չթողնենք», – եզրափակեց խոսքը գլխավոր դատախազը: