«Օրենսդրական փոփոխություններից հետո կհիմնվի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտը»

Գյուղնախարարությունը պետական օժանդակության ծրագրերը տանելու է երկու ուղղությամբ՝ սուբսիդավորելու է վարկային ռեսուրսները և ուղիղ ֆինանսավորում է իրականացնելու

«Ինստիտուիցիոնալ բարեփոխումների մասին խոսելիս՝ երկու կարևոր բան եմ ցանկանում նշել, նախ՝ նախարարությունները պետք է համապատասխանեն տնտեսության պահանջներին, մասնավորապես՝ խնդիրն այն է, որ մեր նախարարությունները, գոնե գյուղատնտեսությունն այդպիսին է, երբ իրականացնում ենք ֆունկցիոնալ ուսումնասիրություններ, պարզվում է, որ ժամանակակից տնտեսությանը համապատասխանող բավարար կառույցներ չունի, այդ պատճառով էլ նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է՝ իրականացնել շուկաների վերլուծություն։

Շատ դեպքերում մարդիկ չգիտեն՝ ինչ արտադրել և այդ արտադրանքը որտեղ վաճառել։ Երկրորդը  վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերին։

Նրա խոսքով՝ վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրումից հետո կսկսեն՝ ֆերմերների, այնուհետև՝ սուբսիդիաների ռեգիստր, անասունների համարակալում, ինչն էլ հնարավորություն կտա օնլայն տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։

Նա նաև տեղեկացրեց, որ Գյուղնախարարությունը պետական օժանդակության ծրագրերը տանելու է երկու ուղղությամբ՝ սուբսիդավորելու է վարկային ռեսուրսները և ուղիղ ֆինանսավորում է իրականացնելու։

Նախարարությունն իրականացնելու է նաև ռազմավարական ծրագրեր՝ կրթության, հողային ռեֆորմների, ռիսկերի մեղմման, շուկաների ստեղծման և զարգացման վերաբերյալ։

«Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում վարելահողերի մոտ 40 տոկոսն այս կամ այն պատճառով չեն օգտագործվում։ Մենք պետք է իրականացնենք հողերի գույքագրում, այնուհետև բացահայտենք հողերի չմշակման պատճառները, հանդես գանք օրենսդրական փոփոխություններով, որը կնախաձեռնի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը։ Մենք չենք ցանկանում սեփականության իրավունքից որևէ մեկին զրկել, այսինքն՝ մարդը կմնա իր հողի սեփականատերը, բայց եթե հողը չի օգտագործում, ապա այն կտրվի վարձով։ Կարևորում ենք նաև ռիսկերի մեղմումը՝ հիվանդությունների դեմ պայքարը, ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որտեղ ներառվել է 6 մարզ, ինչպես նաև՝ բնական աղետներից պաշտպանվելը»,- շեշտեց Գ. Գևորգյանը։

Նա նաև կարևորեց կրթությունը և օրինակ բերելով անասնաբույժներին՝ նկատեց, որ նրանց մեծ մասն արդեն թոշակառու են, իսկ երիտասարդ կադրերի առումով կան լրջագույն խնդիրներ, ուստի կադրերի պատրաստման նպատակով այսօր աշխատում են Ագրարային համալսարանի հետ։ Ապարանում նախատեսել են ստեղծել նաև անասնապահական քոլեջ, որը հագեցած կլինի լավագույն տեխնոլոգիաներով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում