«Նախարարի տեղակալը չի կարող ներդրողների համար երաշխավոր լինել»

Կարեն Քոչարյանը՝ Գյուղնախարարություն չունենալու մասին

Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխություններն առաջիկայում կքննարկվեն խորհրդարանում: Վերլուծաբան Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը չպետք է ընդգրկվի այլ նախարարությունների կազմ:

«Եթե Մշակույթի նախարարության դեպքում կարող ենք քննարկել այլ՝ տվյալ դեպքում՝ Կրթության և գիտության նախարարությանը միանալը, ապա Գյուղնախարարությունը մի ոլորտ է, որը չպետք է միանա այլ նախարարության: Իշխանությունները խոսում են այն մասին, որ այդ ոլորտը պետք է զարգանա, ներդրումներ պետք է լինեն, սակայն մի բան է, երբ խոսում ես առաջին դեմքի՝ նախարարի հետ, մեկ այլ բան, եթե նախարարի տեղակալն է:

Մեծ մասը չի խոսելու նախարարի տեղակալի հետ: Փորձը ցույց է տալիս, որ ներդրողները, ովքեր գումար են ներդնում՝ երաշխիքներ են ուզում, իսկ նախարարի տեղակալը, բիզնեսմենի տեսանկյունից, երաշխավոր չէ: Իրենք շատ ավելի բարձր մակարդակի երաշխավորություն են ուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կ. Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա, Կարեն Քոչարյանի կարծիքով, այն պետք չէր ի սկզբանե:

«Սփյուռքի հետ կարելի է բոլոր ոլորտներում և ուղղություններով աշխատել: Կարող էր գուցե նախարարությունը մնալ, բայց կրճատումներ լինեին, քանի որ հասկանալի էր՝ այնտեղ եսիմ ինչ չեն անում: Կարելի է աշխատել նաև ԱԳՆ-ի վարչության, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մակարդակով: Ավելին՝ ամեն նախարարություն կարող է ունենալ ստորաբաժանում, որն աշխատում է սփյուռքի համապատասխան կառույցների հետ:

Ամեն դեպքում, ես չէի ասի, որ սփյուռքի հետ հարաբերություններն այնքան լավ էին, որ հիմա էլ սա քանդվեց՝ վատանալու է»,- հավելեց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ իշխանությունների նախաձեռնությամբ նախատեսվում է թվով 17 նախարարությունները կրճատել և դարձնել 12:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) Առողջապահության նախարարությունը,

3) Արդարադատության նախարարությունը,

4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) Արտաքին գործերի նախարարությունը,

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) Շրջակա միջավայրի նախարարությունը,

8) Պաշտպանության նախարարությունը,

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) Ֆինանսների նախարարությունը:

Նախագծով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միաձուլման արդյունքում կստեղծվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են և դառնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն: