Քեմալական կուսակցության ղեկավարն արձագանքել է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրին

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։

Twitter-ում արած գրառման մեջ նա, մասնավորապես, ասել է.

«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։

Թեմայի շուրջ խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի ՍԴ-ի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»