2018 թվականին Facebook ընկերությունը գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին ավելի քան 20 մլն դոլար է հատկացրել անվտանգության ապահովման համար, ինչը 4 անգամ ավելի է, քան նույն նպատակով ստացել է 2016-ին: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC):
Ցուկերբերգի անձնական անվտանգության ծախսերը ավելի քան 2 անգամ աճել են՝ 2017-ի 9,1 մլն դոլարից մինչեւ 2018-ին 22,6 մլն դոլար: 2016-ին այս նպատակով հատկացվել էր 5,1 մլն դոլար:
Հատկացված միջոցներն օգտագործվում են Ցուկերբերգի «նստավայրերում եւ անձնական ուղեւորությունների ժամանակ» անվտանգության ապահովման համար: Ընդ որում՝ ամբողջ հատկացված գումարը նախատեսված է անմիջականորեն անվտանգության ապահովման համար: 22,6 մլն դոլարից մոտ 2 մլն-ը «մասնավոր օդանավերի անձնական օգտագործման հետ կապված ծախսերն են», նշված է փաստաթղթերում:
Facebook-ը մեծ ուշադրություն է դարձնում իր ղեկավարության անձնական անվտանգությանը՝ իրականացնելով դա ապահովելու լայնածավալ գործողություն: Մասնավորապես՝ ընկերությունը հետեւում է որոշակի օգտատերերի գտնվելու վայրին, որոնց սպառնալիք է համարում Facebook-ի եւ նրա ղեկավարության համար:
0Comments