Անկատար հեղափոխությունը. մաս 2

Ներհայաստանյան իրողությունների դասդասման օրինաչափությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանում այդ ընթացքում քաղաքական կառավարելի, հեռահար եւ արագընթաց փոփոխություններ էին ծրագրվում

Մաս 2

Անկատար հեղափոխությունը

Բոլոր ձախողված հայկական հեղափոխությունները նման են իրար, 2018թ. ապրիլյան հաղթանակած թավշյա հեղափոխությունը տարբերվում է յուրովի: Եվ առեղծվածային է յուրովի:  
«Ապրիլի 15-ին ամեն ինչ պետք է ավարտված լինի»,- 2018թ. մարտի 5-ին 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլը հեղափոխության ժամկետներ նշանակելու առումով բացառություն չէր, սակայն բացառություն էր այդ ժամկետների գրեթե անսխալ սահմանմամբ, կայծակնային եւ հաղթական հեղափոխության իրականացմամբ: 

2018թ. հեղափոխության քաղաքական ալգորիթմը որքան զարմացնում է իր պարզությամբ եւ ճշգրտությամբ, նույնքան խճճում է իր առեղծվածայնությամբ: Հայկական «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» պատճառները նույնն են, ինչ նախորդ բոլոր հեղափոխություններինը, սակայն տարբեր են ոչ միայն արդյունքները, այլեւ դրանց իրականացման ծրագրայնությունը: Փաստերի, իրողությունների դասդասումը ենթադրել է տալիս, որ երիտասարդ հեղափոխականները, որոնց մեծ մասը քաղաքականության հետ նույնքան կապ ունի, որքան հյուղակը՝ դղյակի, ներգավվել էին քաղաքականության մեջ՝ իրականացնելու որոշակիորեն մշակված ծրագիր:  

2015թ. հուլիսի 16-ի կառավարության նիստում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգծի եւ հրահանգների աներեր աջակիցը, մատնացույց անելով կառավարության շենքի մոտ բողոքող նաիրիտցիներին, բոլորի համար խիստ անսպասելի հայտարարել է. «Ժողովուրդը չի վստահում մեր իշխանություններին»: ԱԱԾ պետի այդ հայտարարությունը կայծակ էր կառավարության նիստի անամպ երկնքում: Պետք է ենթադրել, որ այս զգուշացում-եզրահանգումը երկրին սպառնացող արտագաղթի իրական ծավալների, սոցիալ-տնտեսական վիճակի եւ հանրային տրամադրությունների տեղեկացվածության հետեւանք էր: Այս հայտարարությունից մի քանի ամիս անց՝ 2016թ. փետրվարին 11-ին, «պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու» հիմնավորմամբ Գորիկ Հակոբյանն ազատվեց ԱԱԾ պետի պաշտոնից, իսկ 2017թ. սեպտեմբերի 30-ին «երկարատեւ, ծանր հիվանդությունից» հետո մահացավ:

Ներհայաստանյան իրողությունների դասդասման օրինաչափությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանում այդ ընթացքում քաղաքական կառավարելի, հեռահար եւ արագընթաց փոփոխություններ էին ծրագրվում: Նույն օրինաչափությունների համատեքստում կարելի է դիտարկել 2015թ. մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական հիմնարկեքը եւ նույն թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի անցկացումը: Եթե ԼՀԿ-ն հիմնադրվեց Սահմանադրության հանրաքվեից վեց օր հետո եւ անմասն մնաց «Այո-Ոչ»-ի պայքարից, ապա ՔՊ-ի փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ պայքարը հռչակեց «կեղծ օրակարգ»՝ ձերբազատվելով դրանից:      

Տարօրինակ զուգադիպությունների այս շղթան ամբողջանում Է 2017թ. Ազգային ժողովի ընտրություններում «Ելք» դաշինքի 9 մանդատ ունեցող խմբակցության ներկայությամբ, մանավանդ որ, ԱԺ եւ ոչ մի ընտրության արդյունքում, առանց ժամանակի իշխանության համաձայնության եւ նրա հետ ունեցած պայմանավորվածության, ընդդիմադիր որեւէ քաղաքական միավոր չէր կարող հայտնվել խորհրդարանում, անգամ՝ քվեների ակնհայտ առավելության դեպքում: Թերեւս այդ պայմանավորվածության հետեւանքով էր, որ «Ելքը» չվիճարկեց ընտրությունների արդյունքները եւ ընդունեց դրանք՝ տարակուսանք առաջացնելով անգամ իր ընտրողների շրջանում: 2017թ. ընտրություններում, երբ «Ելք» դաշինքի ցուցակով խորհրդարան մտան նաեւ հանրությանն անհայտ անձինք՝ չունենալով քաղաքական կենսագրություն, հետագիծ, կասկածներ առաջացան, որ Հայաստանի հասարակական, քաղաքական, պետական կյանքի առաջիկայի համար այլ ծրագիր է մշակվում: 

ՀՀ Ազգային անվտանգության մարմինները պարբերաբար քաղաքականություն եւ կուսակցություններ են գործուղել շատերին, որոնք կա՛մ քաղաքական ծրագրեր են իրականացրել, կա՛մ հանձնարարաբար տապալել են նախագծված ծրագրերը: Այդպես էլ ձեւավորվեց 2017թ. խորհրդարանը: 

Հանրության շրջանում «Ելք» դաշինքը համառորեն կապվում էր Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ: Հենց նա էլ Գորիկ Հակոբյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ «գործուղեց» իր ընկերոջը՝ Գեորգի Կուտոյանին, որպես այդ կառույցի ղեկավար: 

Եվ երբ հեղափոխությունից հետո, 2018թ. ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այլեւս պայմանավորվածություններով ոչ ոք խորհրդարան չի մտնելու, երբ նա վերհիշում էր անցյալի պայմանավորվածությունների խոտոր ճանապարհը՝ «գնա պայմանավորվիր ԿԳԲ-ի հետ առանձին», այս կառույցի՝ առանձին, Փաշինյանը դրանով վստահեցնում էր, որ այդ ճանապարհն այլեւս փակ է:

Հեղափոխության հարահոսում, ազգային անվտանգության մարմիններին զուգահեռ, պառակտվում էր նաեւ «Ելք» դաշինքը, որի երեք կուսակցություններից երկուսը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը», հեռու մնացին հեղափոխությունից: 

Մեկ տարի առաջ Հայաստանում արթնացող եւ միավորվող հասարակական ընդվզումն արագորեն ծավալվում էր՝ կաթվածահար անելով երթեւեկությունը, պետական մարմինների եւ կրթական հասատատությունների աշխատանքները:  2018թ. ապրիլի 14-ին երիտասարդ հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտան Երեւանի Ալեք Մանուկյան-5 հասցեում գտնվող Հանրային ռադիոյի շենքը: Ռադիոյի գրոհը հայկական հեղափոխության առեղծվածի ամպն ավելի է թանձրացնում նաեւ այն պատճառով, որ շաբաթ օրերին ռադիոյի ծանր դուռը, ի տարբերություն մյուս օրերի, ներսից փակվում է, եւ ռադիոյի տարածք կարող էին մուտք գործել միայն ռադիոյի աշխատակիցները՝ դրսից դռան զանգը տալով, իսկ շաբաթ օրերին աշխատում էին միայն «Ռադիոլուրը» եւ արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը: 2018թ. ապրիլի 14-ի շաբաթ օրը ռադիոյի դուռը «պատահաբար» բաց էր մնացել հեղափոխականների գրոհից առաջ: Եվ թեպետ մուտքը հսկող ոստիկանները զենքն ուղղել էին դեպի նրանք, սակայն հեղափոխականներն անարգել բարձրացել էին 3-րդ հարկ՝ ուղիղ եթերի ստուդիա: 

Հեղափոխության առեղծվածն ավելի է խճճվում Նիկոլի՝ վարչապետ դառնալու ճանապարհը դիտարկելիս: Հեղափոխությունից առաջ եւ դրա ընթացքում Փաշինյանը համառորեն շրջանցում էր «ո՞վ է վարչապետի՝ «Ելքի» թեկնածուն» հարցը, մինչեւ հեղափոխության հարթակից սերիալային մի դերասանուհու չուղղորդեցին բարձրաձայնելու Նիկոլի անունը՝ որպես «վարչապետի ժողովրդի թեկնածուի»: Այնպիսի տպավորություն էր, որ վարչապետի պաշտոնը, ըստ նախնական ծրագրի, նախատեսված էր այլ թեկնածուի համար, եւ այդ թեկնածուն ո՛չ Նիկոլ Փաշինյանն էր, ո՛չ Կարեն Կարապետյանը, ո՛չ Միքայել Մինասյանը: Կարելի է ենթադրել, որ հեղափոխության ծավալմանը եւ իր անձնական հեղինակության արագ աճին զուգահեռ Նիկոլը հընթացս փոխեց նախնական ծրագիրը եւ խախտեց պայմանավորվածությունները:

Նույնչափ անբացատրելի է նաեւ Նիկոլ Փաշինյանի անսպասելի կերպարանափոխությունը: Հեղափոխության ընթացքի Նիկոլի զուսպ, հավասարակշռված, լրջմիտ, քաղաքականապես հասուն եւ հիացմունք առաջացնող  հեղափոխական կերպարն անհետ կորել է, եւ այժմ նրան փոխարինելու է եկել սպառնալիքներ տեղացող, հավասարակշռությունն արագորեն կորցնող, անհստակ, անծրագիր, անօրակարգ Նիկոլ Փաշինյանը՝ կարծես կորցնելով հեղափոխության ընթացքի՝ հանրությանն անհայտ իր խորհրդատուներին: 

2018թ. ապրիլի 22-ին հեղափոխական Նիկոլ Փաշինյանը հենց այդպիսի հասուն կերպարով Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հրապարակային հանդիպմանը հայտարարեց. «Ես եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի եւ իշխանության խաղաղ, անցնցում հանձնման պայմանները»:  Սարգսյանի սպառնալիքին ի պատասխան՝ «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից», Փաշինյանը նույն հանդարտությամբ ընդգծեց. «Դուք չեք պատկերացնում իրավիճակը Հայաստանում, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են»:

Հեղափոխության «Մերժի՛ր Սերժին» կարգախոսի իրականացումից Հայաստանի հանրությանը բաժանում էր միայն մեկ օր. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց՝ հայտարարելով. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»: 

Սերժ Սարգսյանի հրաժարականի ելույթի այս հատվածը քաղաքական հիթ դարձավ, որտեղ եւ գուցե թաքնված էր Սարգսյանի խոստովանությունը՝ ազգային անվտանգության կառույցը պառակտված էր, եւ ԱԱԾ-ն ու դրա պահոցներն այլեւս դուրս էին իր վերահսկողությունից:
Տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական արատավոր համակարգի հիմնասյուներից մեկը՝ ԱԱԾ-ն, որ մշտապես աջակցել է նախկին իշխանություններին, ենթադրաբար, մեծապես աջակցել է հայկական թավշյա հեղափոխությանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության վերջապես կատարելով առաջադիմական քայլ: 

2018թ. հոկտեմբերի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար, ՊԱԿ-ի երկարամյա ղեկավար Ֆելիքս Ցոլակյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Այս նշանակումը ես խորհրդանշական եմ համարում: Իհարկե, Ֆելիքս Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, բայց այս նշանակմամբ ես ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքական պրոցեսի ընթացքում եւ նաեւ առաջիկայում սպասվող ընտրություններից հետո մենք պետք է համախմբենք մեր երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը»:  

Իրականում, այդ նշանակումը եւ Ցոլակյանի մայիսմեկյան «կողմ» քվեարկությունը Փաշինյանի թեկնածությանը դադարում են խորհրդանշական լինել այնպես, ինչպես չի կարող խորհրդանշական լինել ԱԱԾ-ի դերակատարումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: 

Այս ամենով հանդերձ, ՀՀ քաղաքացիներն են եղել վճռական՝ ազատագրելու Հայաստանը նախկին կոռումպացված վարչակարգից: ՀՀ քաղաքացիները Երեւանում հեղափոխության մեկնարկից երկու շաբաթ չանցած՝ ապրիլի 23-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասան անհասանելիին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Հեղափոխության հիմնական խնդիրն իրականացավ, սակայն նպատակը՝ հեղափոխական քաղաքական փոփոխությունները, մնացին անկատար: 

Այնպես, ինչպես անկատար եւ կիսատ մնաց նաեւ 21-րդ դարի «հայկական թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխությունը: