Ստուգումներ են իրականցվում Գագիկ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ներից մեկում

Քաղաքացու կարծիքով՝ թերլցումներ են իրականացվում, դրա հիման վրա բողոք է գրվել

Բողոք է եղել, որի հիման վրա ստուգում է իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը` տեղեկացնելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացնում:

Նա նշեց՝ քանի դեռ ստուգումը չի ավարտվել, արդյունքների մասին տեղեկություններ չեն կարող հաղորդել: «Քաղաքացու կարծիքով՝ թերլցումներ են իրականացվում, դրա հիման վրա բողոք է գրվել»,-ասաց նա:

Այլ գազալցակայաններում այդ խնդիրը չկա՞, ինչո՞ւ է հենց այստեղ  իրականացվում ստուգումը հարցին ի պատասխան՝ Արմեն Կոտոլյանը հավաստիացրեց, որ սա պայմանավորված չէ որևէ մեկի անվան հետ և միայն Ծառուկյանի ԱԳԼՃԿ-ում չէ, որ ստուգում է իրականացվում: «Բողոքի հիման վրա մեկ այլ ԱԳԼՃԿ կա, որտեղ ևս իրականացվում է ստուգում: Բացի այդ՝ ևս չորս ԱԳԼՃԿ-ում է ստուգում իրականացվում տարեկան ստուգումների շրջանակներում»,-ասաց նա և դժվարացավ ասել այն մյուս ընկերության անունը, որտեղ բողոքի հիման վրա ևս ստուգում է իրականացվում:

Կոտոլյանն ասաց, որ ստուգումներ իրականացվում են, եթե տնտեսվարողը  տարեկան ստուգումների ծրագրում է ներառված, երկրորդ՝ եթե կա վարչապետի հանձնարարական ոլորտային ստուգման վերաբերյալ և երրորդ՝ երբ քաղաքացու կողմից բողոք կա:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ թանկացում չի եղել: «Եթե մարդ հինգ հազար դրամի լիցքավորում է մեքենան և վարում է 200 կմ, իսկ երկրորդ անգամ նույն լիցքավորմամբ վարում է 150 կմ, նրա կարծիքով թանկացել է, այնինչ թերլիցքավորում է եղել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ավելի մեծ թափով ստուգումներ կիրականացնեն ԱԳԼՃԿ-ներում կգ-ով վաճառքի անցնելուց հետո:

«Մայիսի մեկից հետո կսկսենք բոլոր գազալցակայանները ստուգել»,-տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից կդառնա կիլոգրամ: