Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հայաստանի թիմը հաղթել է 4 խաղում, մեկ ոչ ոքի խաղացել, մեկ խաղ էլ պարտվել

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրղադա ծովափնյա քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայաստանի թիմը հաղթել է 4 խաղում, մեկ ոչ ոքի խաղացել, մեկ խաղ էլ պարտվել։ Մեր հավաքականը հաղթել է Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Սուդանի լրագրողական թիմերին, պարտվել տանտերերին եւ հավաքել 13 միավոր՝ նույնքան, որքան հաղթող ճանաչված Եգիպտոսի թիմը։ Հայաստանի թիմի դարպասապահ Վահրամ Մկրտչյանը լավագույնը ճանաչվեց մրցաշարում։

Երրորդ տեղը գրավել է Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։

Եգիպտոսի միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությանն աջակցել էին «ANRIVA TOUR» ընկերությունը (Air Cairo ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ «TotoGaming» ընկերությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ։ Մասնավորապես, թիմն երեք անգամ բրոնզե մեդալներ է շահել Լիտվայում անցկացվող միջազգային մրցաշարում, իսկ 2018-ին Երեւանում կայացած մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Թիմում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։