Դավիթ Տոնոյանի ասածները որևէ կերպ չեն կարող որակվել որպես ահաբեկչություն

Ահաբեկչությունը ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով հստակ սահմանումներ ունի

Որեւէ մտահոգություն չունեմ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության հետ կապված, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, թե որքան են Ադրբեջանի հայտարարություններն ու գործն իրարից տարբերվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ՊՆ-ն ահաբեկիչ է որակել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Նրա խոսքով, միգուցե ներքին սպառման համար, իրենց ականջի համար դուրեկան հայտարարություններ են անում. «Ահաբեկչությունը ինչպես միջազգային օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով հստակ սահմանումներ ունի, նաեւ միջազգային փաստաթղթերով, որոնց միացել են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ եռանախագահող երկրները մաս են կազմում այդ փաստաթղթերին: Այնտեղ որեւէ դրույթ չկա, որով պաշտպանության նախարարի ասածները կարող են մեկնաբանվել որպես ահաբեկչական: Միգուցե մեր գործընկերները ծանոթ չեն այդ միջազգային փաստաթղթերին եւ ֆանտաստիկայի ժանրից հայտարարություններ են անում»,-ասաց նա: