Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Գործադուլի հետևանքները կարող են անդրադառնալ շուրջ 200 000 աշակերտի վրա

Լեհաստանի ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ վտանգելով դպրոցական քննությունները: Երկուշաբթի երկրի բազմաթիվ դպրոցների ուսուցիչներ աշխատանքի չեն գնացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ավելի վաղ անցկացված հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ գործադուլին մասնակցելու կողմնակից է ուսուցիչների 79 տոկոսը: Նրանց հիմնական պահանջն աշխատավարձի բարձրացումն է ամսական 1000 լեհական զլոտիով (շուրջ 263 դոլար):

Շաբաթներ շարունակ Լեհաստանի կառավարությունը բանակցություններ է վարել ուսուցիչների արհմիությունների հետ: Բանակցային գործընթացը ղեկավարել է փոխվարչապետ Բեատա Շիդլոն: Մինչև վերջին պահը կողմերը փորձել են ընդհանուր հայտարարի գալ, սակայն փոխհամաձայնության գալ հաջողվել է միայն արհմիությունների մի մասի հետ: Խոշորագույն կազմակերպություններից երկուսը՝ Լեհաստանի ուսուցիչների միությունն ու Արհմիության ֆորումը, չեն համաձայնել տարբերակներից որևէ մեկին և որոշել են հարցը լուծել գործադուլի միջոցով:

Գործադուլի հետևանքները կարող են անդրադառնալ շուրջ 200 000 աշակերտի վրա: Սպասվում է, որ կփակվի ավելի քան 150 մանկապարտեզ, 100 տարրական դպրոց և 30 լիցեյ: Լեհաստանի կառավարությունը գործատուներին խնդրել է հնարավորության դեպքում աշխատող ծնողներին թույլ տալ իրենց երեխաներին աշխատավայր բերել:

Ավելի քան 170 դպրոց և ուսումնական այլ հաստատություն պատրաստ է մասամբ ապահովել երեխաների խնամակալությունը, բայց ոչ ուսումնական պարապմունքները: Իրավիճակը սրում է այն փաստը, որ օրեր անց կմեկնարկեն դպրոցական քննությունները: Լեհաստանի կառավարությունը փնտրում է ուսուցիչների, որոնք պատրաստ կլինեն անցկացնել դրանք: Յուրաքանչյուր մարզում տեղական կրթական մարմիններն ընդունում են մանկավարժական կրթություն ունեցող անձանց դիմումները: