Արդյո՞ք շաքարը մեծացնում է քաղցկեղի ռիսկը

Առողջ սննդակարգի ջատագովները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել շաքարը

Մասնագետների կարծիքով՝ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը մեծացնում են առավելապես հինգ գործոններ՝ մարմնի զանգվածի բարձր ինդեքս, սննդակարգից առողջ սննդի բացակայություն, ֆիզիկական ակտիվության բացակայություն, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահում: 

Առողջ սննդակարգի ջատագովները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել շաքարը՝ պատճառաբանելով, թե այն մեծացնում է քաղցկեղի ռիսկը: Իհարկե, առանց ծուխ կրակ չի լինում:

Հայտնի է, որ ուռուցքների բջիջներն իրապես օգտագործում են մեծ քանակությամբ գլյուկոզա, քանի որ այդ բջիջները շատ արագ են կիսվում, ինչի համար նրանց էներգիայի մեծ ծախս է անհրաժեշտ: Իսկ էներգիայի ամենահեշտ եւ հասանելի աղբյուրը հենց գլյուկոզան է: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ շաքարը, որը մենք օգտագործում ենք, ուռուցքային բջիջների համար «սնունդ» է հանդիսանում:

Երբ մենք ինչ-որ քաղցր բան ենք ուտում, ապա անմիջապես «գործի է» անցնում էնդոկրին համակարգը: Սկսում է աշխատել ենթաստամոքսային գեղձը՝ արտադրելով ինսուլին հորմոնը, որն էլ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն ու նպաստում գլյուկոզայի յուրացմանը: Այսինքն՝ շաքարի մակարդակն իջնում է, ուստի այն կարծիքը, թե շաքարը «սնուցում է» ուռուցքները՝ նպաստելով դրանց աճին ու տարածմանը, իրականությանը չի համապատասխանում:

Շատ շաքար ուտելով կարելի է գիրանալ, իսկ, այլ ավելորդ քաշն իրականում սպառնալիք է:

Եթե չարաշահեք քաղցրը, պարզ ածխաջրերը ու դրա հետ մեկտեղ՝ քիչ շարժվեք, ապա կխախտվի կալորիաների ընդունման եւ ծախսման մեխանիզմը, եւ կունենաք ավելորդ քաշ, իսկ հետագայում՝ ճարպակալում: 

Ապացուցված է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ քաղցկեղի մինչեւ 13 տեսակի ռիսկի խմբում են: Ըստ վարկածներից մեկի՝ պատճառը հորմոնալ խանգարումներն են, որոնք կարող են առաջանալ ավելորդ քաշի պատճառով: 

Կանանց մոտ նախադաշտանային տարիքում, երբ ձվարանների ֆունկցիան մարում է, էստրոգենների սինթեզը տեղի է ունենում ճարպային հյուսվածքում: Եթե ճարպաբջջանքը շատ է, էստրոգենների մակարդակը կարող է բարձրանալ, իսկ դա, իր հերթին, կարող է մեծացնել կրծքագեղձի, արգանդի եւ այլ օրգանների ուռուցքների ռիսկը: 

Բացի այդ, ճարպակալություն ունեցող մարդկանց մոտ հաճախ է հանդիպում երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ինչը նույնպես հանդիսանում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը մեծացնող գործոն:

doctors.am