Ադրբեջանին շփոթեցրել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Մամեդյարովը տարակուսանք է հայտնել

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է Մամեդյարովը Բրյուսելում: 

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին կայացած բանակցություններում քննարկել են հումանիտար բնույթի հարցեր:

«Այդ ուղղությամբ մենք կարող ենք շփման ընդհանուր ուղիներ գտնել», - ասել է ադրբեջանցի նախարարը:

Միևնույն ժամանակ նա տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում արած հայտարարության վերաբերյալ:

«Հարց է առաջանում, թե ով ում է կառավարում: Մի կողմից՝ դրական հայտարարություններ են հնչում, մյուս կողմից՝ անհեթեթություն են ասում և նոր դժվարություններ ստեղծում», - հավելել է Մամեդյարովը: