«Կառավարությունը, այդ թվում՝ ԱԱԾ-ն, չի կարող առհասարակ որոշել՝ տեղեկատվությունը ճի՞շտ է, թե՞ ապատեղեկատվություն է»

Ոչ վաղ անցյալում՝ ՊՊԾ գնդի գրավման օրը, եղել է նույնաբովանդակ հայտարարություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը թերահավատորեն է վերաբերվում վարչապետ Փաշինյանի կողմից ԱԱԾ պետին իջեցված հանձնարարությանը՝ պայքարել ապատեղեկատվություն տարածող սոցցանցերի ֆեյքերի ու լրատվամիջոցների դեմ, և այս մասով փորձագետը բավականին հետաքրքիր հիմնավորումներ է տալիս 168.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք. այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության և կեղծ օգտատերերի դեմ:

– Խնդիրն այն է, որ ֆեյք պահելը կամ տեղեկատվություն տարածելը հանցակազմ չի պարունակում իր մեջ և, ըստ էության, ժողովրդավարական երկրում ինքնին հանցակազմ պարունակել չի կարող: Որոշակի առանձին դեպքերում կարելի է Քրեական օրենսգրքում հատուկ կետերով նախատեսել այն դեպքերը, երբ, օրինակ, խոսքը գնում է նախընտրական շրջանում մարդկանց կարծիքը փոխելու համար տարածվող տեղեկությանը, երբ հանցագործության մասին ակնհայտ սուտ տեղեկություն տարածելու փորձ է արվում և էլի մի շարք դեպքեր:

– «Ազգային անվտանգության նկատառումներով» լայն հասկացության տակ չե՞ն կարող հազար ու մի դեպքեր հիմնավորել:

– «Ազգային անվտանգությունն» աբստրակտ արտահայտություն է, դա ևս պիտի հստակ ձևակերպած լինի Քրեական օրենսգրքով, սահմանվի մեկ առ մեկ, թե այդ ո՞ր դեպքերն են, որ իսկապես ազգային անվտանգությանը սպառնում են, և դա պիտի այնպես գրվի, այնքան կոնկրետ, որ որևէ պարագայում չվնասի ժողովրդավարական երկրում խոսքի ազատության պաշտպանվածության սկզբունքին:

– Դանիել, խոցելի չէ՞ ԱԱԾ պետին իջեցված հանձնարարությունն այն իմաստով, որ նա պիտի պայքարի լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ (այդ թվում՝ սոցցանցերում ֆեյքերի տարածած), բայց այդ որտե՞ղ, ո՞վ, ո՞ր պահին պիտի որոշի՝ ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ իրականություն, կամ ինչպե՞ս ու ի՞նչ ռեսուրսներ են կիրառվելու՝ որոշելու համար, թե օրվա ողջ լրահոսի մեջ ո՞ր հրապարակումն է իր մեջ ապատեղեկատվություն տարածում:

– Պետությունը՝ կառավարությունը, չի կարող որոշել՝ տարածված տեղեկատվությունն ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ ոչ: Կառավարությունը դրա հետ կապված կարող է միայն իր մոտեցումը ներկայացնել, եթե այդ տեղեկատվությունը վերաբերում է կառավարման պետական համակարգին՝ ասենք, օրինակ, երբ ինչ-որ մեկը վեր կենա և ասի, որ կիրակի օրը կառավարության նիստ է եղել, կառավարությունն իրավունք ունի դրա հետ կապված իր մոտեցումը ցուցաբերել և հայտարարել, որ՝ ո՛չ, նախորդ կիրակի կառավարության նիստ տեղի չի ունեցել: Բայց միայն այդ դեպքերում… Կառավարությունն առհասարակ չի կարող որոշել՝ տեղեկատվությունը ճի՞շտ է, թե՞ ապատեղեկատվություն է, այդ թվում՝ իշխանության տարբեր մարմիններ՝ ԱԱԾ, Քննչական կոմիտե, դատական իշխանություն, քանի դեռ տեղեկատվության տարածումն ինքնին չի համարվում հանցագործություն:

Օրինակ բերեմ, համարենք՝ դեպք է եղել, երբ ֆեյքերից մեկը սոցիալական ցանցում կոչ է արել ու տարածել, որ մարդիկ թող հավաքվեն դանակներով՝ ինչ-որ գործողություններ կատարելու համար: Գործող օրենսդրությամբ սա հանցագործություն չէ, թեև, նա կոչ է անում մարդկանց հանցագործության դիմել: Սա, իմ կարծիքով, այն դեպքերից է, երբ Քրեական օրենսգիրքը պիտի այնպես փոխվի, որ այս դեպքերը դիտարկվեն՝ որպես հանցագործություն, և իրավապահները կարողանան գործել:

– Ոչ վաղ անցյալում՝ ՊՊԾ գնդի գրավման օրը, եղել է նույնաբովանդակ հայտարարություն, երբ մարդիկ լուսաբացին սոցցանցերում տեսան, թե ինչպես են ֆեյքերը և ինչ-որ խմբեր կոչեր անում հավաքվել ու գրավել պետական տարածքը: Բայց նախկին իշխանությունն այս դեպքում պայքարի ուրիշ մեթոդ կիրառեց:

– Այո, դա հանցագործություն չորակվեց, ինչպես, օրինակ, օգոստոսի 17-ին արված կոչերը, որ մարդիկ գան հանրահավաքի՝ դանակներով: Եվ մենք այս դեպքին, պահանջեցինք, որ արձագանքի Քննչական կոմիտեն (ՔԿ), և Քննչական կոմիտեն բավականին պատճառաբանված հիմնավորեց, որ այստեղ հանցագործություն չկա: Քրեական օրենսգիրքն այս տեսքով պատրաստ չէ այդ հանցագործությունների դեմ պայքարելու համար:

– Միգուցե վարչապետի այս հայտարարությունը ոչ այնքան հանձնարարություն էր՝ ԱԱԾ պետին, որքան իրականում մեսիջ ՝ ուղղված ինչ-որ մարդկանց, խմբերին, այդ թվում՝ սպառնալիք խոսքի ազատության դեմ:

– Ես չեմ ընկալում, որ սա սպառնալիք է խոսքի ազատության դեմ: Կառավարության այսօրվա նիստին վարչապետն այս հայտարարությունը չպլանավորված ասաց, ինձ այդպես է թվում, քանի որ ԱԳԼՃԿ-ների հարցի քննարկումից եկավ այդ հարցը: Բայց ես ընկալում եմ, որ սա երկարաժամկետ շարժվելու շատ վատ ուղղություն է. իրականում ինչպիսի իրավակարգավորումներ էլ որ անեն, միևնույն է, կեղծ լուրերի, ֆեյքերի ծավալը շեշտակիորեն հնարավոր չի լինելու նվազեցնել, դա ուղղակի ռեալ չէ:

Կարելի է միգուցե՝ ամենա-ամենա խելքից դուրս ֆեյքերին, որոնք մարդկանց եսիմինչերի կոչեր են անում, դրանց դեմ ինչ-որ օրենսդրական լուծումներ հնարավոր լինի գտնել, ընդ որում՝ դա էլ շատ դժվար կլինի անել այնպես, որ խոսքի ազատությունը կասկածի տակ չդնող լուծումներ գտնվեն: Եվ դրա արդյունքում, մեկ է, ֆեյքերի քանակն էապես չի պակասի:

– Ուրեմն ո՞րն է այս ժամանակավրեպ պայքարի փոխարեն՝ Ձեր պատկերացրած լուծումը:

– Հանրությանը մեդիագրագիտության մակարդակի պետք է բարձրացնել, ինֆորմացիայի սպառողը պիտի գա այդ գիտակցմանը, որպեսզի հանրությունը կարողանա տարբերակել՝ ո՞րն է ֆեյք տեղեկատվություն, ո՞րը՝ ոչ: Որքան մեդիագրագիտության տարրական գիտելիք ունեցողները շատանան, այնքան կնվազի ֆեյքերի գոյության իմաստը: Հայաստանի Քրեական օրենսգիրքը երբեք չի պատրաստվել այն ռակուրսի ներքո, որպեսզի կարողանա հակազդել այն մարտահրավերներին, որոնք այսօր կան, և այս առումով իրավապահների ձեռքերը բավականին կապված են, որովհետև սա նոր մարտահրավեր է, որի դեմ պայքարի գործիքներ, իրավական լծակներ չկան: Իրավապահներին պետք է տալ այդ լծակները, բայց տալ այնպես, որ դա որևիցե պարագայում չսահմանափակի խոսքի ազատությունը:

– Ստացվում է՝ ԱԱԾ-ի ստացած այսօրվա հանձնարարականն այդպես էլ օդում կմնա, այո՞, այն ի կատար ածել չի՞ կարող:

– Ես չգիտեմ, միգուցե ԱԱԾ-ն, օրինակի համար, հայտնաբերի, որ կան հարակից հանցակազմեր որոշ խմբերի կողմից, որոնք որ ֆեյքեր են աշխատացնում… բայց բովանդակային առումով ես փոփոխություն չեմ կարող ակնկալել, ԱԱԾ-ն շատ քիչ հնարավորություններ ունի:

Սյուզի Բադոյան