Վենեսուելան նոր տեսակի պատերազմի փորձարկման դաշտ է դարձել. Մադուրո

Նրանք (ընդդիմությունը) այս նոր պատերազմի հիմնական համամասնակիցներն են

Վենեսուելան նոր տեսակի պատերազմի փորձարկման դաշտ է դարձել՝ էլեկտրամագնիսական և կիբեռնետիկ զենքի օգտագործմամբ, որն ուղղված է երկրի կենսապահովման համակարգերին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վենեսուելան աշխարհին ցույց տվեց, որ դարձել է կիբեռնետիկ և էլեկտրամագնիսական զենքի, ինչպես նաև պատերազմի նոր ռազմավարության փորձարկման դաշտ, իսկ դա այլևս ուղիղ զավթում չէ, ոչ էլ հրթիռակոծություն, այլ հիմնարար և կենսական կարևոր նշանակության ծառայությունների «ռմբակոծում»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ այս ամենն արվում է «վատագույն ընդդիմության» մասնակցությամբ, որն ունեն հեղափոխության վերջին տարիներին: Մադուրոն նաև նշել է, որ ընդդիմությունն իրեն, Վենեսուելայի ազգային հիմնադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոյին և իշխանության այլ ներկայացուցիչների սպանելու ուղղությամբ պլաններ է մշակում: Այս առնչությամբ նա պահանջել է հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հատուկ զգոնությունը:

«Նրանք (ընդդիմությունը) այս նոր պատերազմի հիմնական համամասնակիցներն են»,- ասել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ մարտին Վենեսուելայում զանգվածային հոսանքազրկումներ էին գրանցվել: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածի համար «ամերիկյան իմպերիալիզմին» է մեղադրել: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է նման մեղադրանքները: