Ջրահարսի բույս՝ մաղադանոս

Մաղադանոս կարելի է աճեցնել տնային պայմաններում

PETROSELINUM CRISPUM-ազատքեղ, կարոս, մաղադանոս։

Ըստ ավանդության` վայրի վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է Պելոպոնեսի Մորեիի թերակղզում հույն հողագործի կողմից` քարքարոտ լեռներում։ Հին Հունաստանում վայելել է այնպիսի հարգանք, ինչպիսին վայելում է կովը Հնդկաստանում. մաղադանոսը համարվում է սուրբ բույս, խորհրդանշում հաղթանակի փառքը եւ բերկրանքը։ Համարվում էր, որ այդպիսի հանդիսավոր պահերին մաղադանոսի ցողուններով իրեն զարդարում էր ինքը` Հերկուլեսը։ Սա բուրմունավետ բույս է, շատ նման է նեխուրին (քարավուզ), բերվել է հին Հելլադայի այգիները ու այնտեղ աճեցվել «Պետրոսելինոն» (լեռնային նեխուր անվան տակ)։ Հռոմեացիներն այն անվանել են «Պետրոսելինում», այսինքն` քարի վրա աճող։ Դրանցով զարդարում էին բնակարանները, մարդկանց գլուխները։

Հնուց արմատները եւ տերեւները կիրառվում էին` որպես միզամուղ եւ վերքերը բուժելու համար։ Միջնադարում Կարլ Մեծի հրամանով աճեցվում էր այգիներում եւ օգտագործվում որպես համեմունք (812 թվական)։ Անգլիայում մաղադանոսը հայտնվել է 16-րդ դարում, իսկ Նոր Աշխարհ է տարվել վերաբնակների միջոցով։ Որպես համեմունք` օգտագործվել են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած տերեւները, երբեմն` մանրացրած սերմերը։ 16-րդ դարի վերջում բույսը լայնորեն տարածվեց Լեհաստանում, որպես բանջարային բույս։ Լեհերը փաղաքշական ձեւով անվանեցին «Պետրուշկա»։ Ռուսաստանում Պետրուշկա են անվանել ժողովրդական տիկնիկային թատրոնը։ Ռուս երգահան Իգոր Ստրավիցկին գրել է «Պետրուշկա» բալետը (1911թ.)։ Նա Կիեւի Մարիինյան թատրոնի երգիչ (բաս) Ֆեոդոր Իգնատեւիչի որդին է։ Լեհաստանում մաղադանոսը նույնպես համարվում էր ծիսական բույս։ Գարնանային հավերժահարսին նվիրված տոնակատարության ժամանակ երիտասարդները զարդարվում էին այս բույսով։ Այն անվանվում էր Ջրահարսի բույս։ Բույսի հայրենիքը Միջերկրական ծովի ավազանն է, այն երկամյա բույս է, բազմանում է սերմերի միջոցով, առաջին տարին առաջացնում է տերեւներով հարուստ վարդակ, երկրորդ տարին մաղադանոսի ցողունը հասնում է մինչեւ 90 սմ, տալիս է ծաղիկ, սերմերի հասունացումից հետո բույսը չորանում է։

Մաղադանոսի տեսակները լինում են արմատային եւ տերեւային, Հայաստանում ավելի տարածված է «սովորական տերեւային» տեսակը, 1900 թվականից հետո մշակվել են մաղադանոսի արմատային բարձր բերքատվություն ունեցող տեսակներ։ Տերեւային մաղադանոսը լինում է սովորական եւ գանգրավոր, դրա արմատապտղի փոխարեն` առաջանում են ճյուղավորված արմատներ։

Մաղադանոսի տերեւները ուտելի են աճման ցանկացած փուլում։ Մաղադանոս կարելի է աճեցնել տնային պայմաններում։ Մաղադանոսը հարուստ է օրգանիզմի համար օգտակար նյութերով. արմատներին, տերեւներին, սերմերին յուրահատուկ համ ու հոտ է տալիս բուրումնավետ եթերային յուղը (7 տոկոս), որն ամենաշատը սերմերի մեջ է։ Մաղադանոսը պարունակում է կալիում, մագնիում, երկաթ, ածխաջրեր, սպիտակուցներ, պեկտին, ֆիտոնցիդներ, ճարպայուղ (22 տոկոս), գլյուկոզիդներ։ Եթերային յուղերի եւ ֆիտոնցիդների շնորհիվ մանրէասպան ազդեցություն է թողնում։

Մաղադանոսը հարուստ է վիտամիններով, 100 գ հումքը պարունակում է բետտա-կարոտին (1,7 մգ), տոկոֆերոլներ E (1,8 մգ), ասկորբինաթթու C (150 մգ), պիրիդօքսին – B6 (0,4 մգ), նիացին-PP (0,7 մգ), B1, B2 եւ B5 (0,05-ական մգ), ֆոլիաթթու B9 (110 մկգ), բիոտին H (0,4 մկգ), ռուտին, K։

Մաղադանոսը լայնորեն օգտագործվում է մարսողությունը լավացնելու եւ ախորժակը գրգռելու համար։ Հնում մարդիկ գիտեին մաղադանոսի միզամուղ հատկության մասին` հատկապես սերմերի եփուկները եւ թուրմերը։ Եփուկ պատրաստելու համար 1ճ/գ փոշիացրած սերմերը լցնում են 200 մլ ջրի մեջ, եռացնում 15 րոպե, քամում, խմում օրը 4-6 անգամ, մեկական ճ/գ։ Օգնում է ջրգողության, սրտի հիվանդությունների հետ կապված այտուցվածության, երիկամների, միզապարկի քարերի դեպքում, որպես քրտնամուղ միջոց։ Թուրմը պատրաստելու համար սերմերի 1 թ/գ փոշին լցնում են 200 մլ ջրի մեջ, թրմում 8 ժամ։ Խմում են օրը չորս անգամ։

Մաղադանոսի տերեւներից ու արմատներից պատրաստված թուրմը օգտագործում են նույն հիվանդությունների ժամանակ։ Այս դեպքում 200 մլ եռջրին ավելացրեք 20 գրամ մանրացրած հումք, թուրմը օգտագործեք ուտելուց 20-30 րոպե առաջ, օրը 3 անգամ, 60-70 մլ։ Թուրմը կարելի է փոխարինել մաղադանոսի թարմ հյութով` օրը 3 անգամ, երկուական ճ/գ։ Հյութը կամ թարմ տերեւները դնում են միջատների կծածների վրա։

Դեղատոմսեր

Շագանակագեղձի բորբոքման դեպքում

– Ընդունեք 0,5-1 գրամ մաղադանոսի սերմի փոշի օրը 3-5 անգամ, խմեք գոլ ջրով, ուտելուց առաջ։

– 4 թ/գ մաղադանոսի սերմերին ավելացրեք 200 մլ ջուր, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, մարմանդ կրակով։ Թրմեք 30 րոպե եւ քամեք։ Խմեք մեկական ճ/գ, սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ, օրը 3-5 անգամ։ Նույն նպատակով 1ճ/գ սերմերը թրմեք 6-8 ժամ, 200 մլ եռջրով` ջերմապահի մեջ։

Երիկամների եւ միզապարկի քարեր

– Խմեք մաղադանոսի հյութ, 1-3 ճ/գ։ Ավելի արդյունավետ է, եթե 2 ճ/գ մաղադանոսի հյութը խառնեք գազարի հյութի հետ։

– Խմեք 0,5 գրամ մաղադանոսի յուղ։ Օգտակար է նաեւ շագանակագեղձի բորբոքման եւ այտուցների դեպքում։

Այտուցներ. Մանրացրեք մաղադանոսի արմատներն ու տերեւները, մեկ բաժակ հումքին (200 մլ) ավելացրեք 400 մլ եռջուր, թրմեք 8 ժամ։ Քամեք, ավելացրեք մեկ միջին կիտրոնի հյութ։ Ընդունեք մեկական ճ/գ, օրը 5 անգամ, 2 օր ընդմիջեք, շարունակեք նույն ձեւով։

Էկզեմա. Խառնեք հավասար քանակությամբ խնձորի քացախի նստվածքը եւ մաղադանոսի հյութը։

Միզարտադրությունը հեշտացնող միջոց. 800 գրամ կանաչ մաղադանոսի վրա լցրեք եռման ջուր, անմիջապես հանեք ջրից, կտրատեք։ Ավելացրեք այնքան կաթ, որպեսզի կանաչին ծածկի։ Խառնուրդը եռացրեք, քամեք։ Խմեք ժամը մեկ` 1-2 ճ/գ։ Հաշվարկված է մեկ օրվա համար։ Շարունակեք` մինչեւ վիճակի բարելավում։

Ստամոքսի խոց. Խառնեք հավասար քանակությամբ (100-ական գ) մաղադանոսի արմատներն ու տերեւները, ավելացրեք կեղեւով 1 կիտրոն, աղացեք մսաղացով։ Ավելացրեք նույն քանակությամբ մեղր։ Ընդունեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։

Ալերգիայի դեպքում. Խառնեք գազարի, խնձորի, ծաղկակաղամբի, մաղադանոսի հյութերը (5։5։2։1) հարաբերությամբ։ Խմեք 60-70 մլ, օրը 2-3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Խորհուրդ է տրվում. մաղադանոսի պատրաստուկների հետ համատեղ խմել չամիչի թուրմ։ Անհրաժեշտ է` 2 ճ/գ չամչին ավելացնեք 200 մլ եռջուր, թրմեք 8 ժամ։ Խմեք թուրմը օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը` 7 օր։



Երիկամների մաքրման համար. Խմեք գազարի, քարավուզի, մաղադանոսի հյութերի (9։5։2) խառնուրդը։

Տերեւներից եւ արմատից ստացված մաղադանոսի հյութը վերականգնում է ուժերը, լավացնում է շնչառությունը, սրտի աշխատանքը, նորմալացնում է մակերիկամների, վահանաձեւ եւ ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը, ամրացնում մազանոթները, իսկ գազարի հյութի հետ համատեղ` վերականգնում է տեսողությունը։ Այս դեպքում մաղադանոսի հյութը խմում են կես թ/գ մեղրի հետ խառնած, օրը երեքական ճ/գ-ից ոչ ավելի։ Օգտակար է նաեւ վարիկոզի, աթերոսկլերոզի դեպքում։ Հակացուցված է ստամոքսային բարձր թթվայնության եւ լյարդի հիվանդությունների դեպքում։

Գեղարարություն

Ճարպոտ մաշկի համար. Խառնեք մեկական ճ/գ աղացած վարսակաձավարը մանրացրած մաղադանոսի տերեւներին։ Քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Թեթեւակի շփեք սառցե խորանարդիկներով (նախապես պատրաստված)։

Չոր մաշկի համար

– Մսաղացով աղացած 3-4 բուռ թարմ մաղադանոսի վրա լցրեք 400 մլ տաք ջուր, թրմեք 1 ժամ, քամեք։ Ստացված թուրմով լվացեք դեմքը առավոտյան եւ երեկոյան։ Ունի խոնավացնող հատկություն (օգտագործեք շոգ ժամանակ)։ Հատկապես օգտակար է թեփոտվող մաշկին։

– Խառնեք հավասար քանակությամբ, ցածր յուղայնության կաթնաշոռը մաղադանոսի եփուկին, քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք` տաք եւ ցայեք սառը ջրով։

Մանր կնճիռների դեպքում. Եփեք մարմանդ կրակի վրա 50 մլ ջրի մեջ խառնած 50 գ մաղադանոսը` 5-10 րոպե տեւողությամբ։ Լցրեք խորանարդիկներով կաղապարի մեջ։ Սառեցրեք սառնարանի սառնախցիկում։

Աչքերի տակ գոյացած այտուցների դեմ. Խառնեք մեկ թ/գ մանր կտրատած մաղադանոսի տերեւները (կոթերի հետ միասին) երկուական թ/գ թթվասերի եւ հում կարտոֆիլի հետ։ Ստացված զանգվածը քսեք աչքերի շուրջը, իսկ աչքերին դրեք երիցուկի թուրմով թրջված բամբակե խծուծներ։ Պառկեք 20-30 րոպե, լվացեք տաք ջրով։

Ճարպոտ մաշկի համար, սպիտակեցնող դիմակներ.

– Խառնեք մեկական ճ/գ մաղադանոսի հյութը թթված կաթին (չոր մաշկի համար ավելացրեք թթվասեր)։ Դիմակը տեղադրեք մաքրած դեմքին, պահեք 15 րոպե եւ լվացեք սառը ջրով կամ երիցուկի թուրմով։

– Խառնեք մեկական ճ/գ մանրացրած մաղադանոսի տերեւներ, կիտրոնի հյութ, մեղր։ Խառնուրդը քսեք դեմքին։ Պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։ Մաղադանոսը եւ կիտրոնը սպիտակեցնում են պիգմենտային բծերը։

Բշտիկացանի դեմ. Կոսմետիկ կաթով մաքրեք դեմքը։ Բշտիկացանի վրա քսեք մաղադանոսի թարմ հյութը։ Կրկնեք այս միջոցը օրը 3 անգամ, մեկ ամիս տեւողությամբ։

Աչքերի կարմրության եւ կոպերի այտուցվածության դեպքում. Թրմեք 1ճ/գ մաղադանոսի կանաչին 200 մլ եռջրով, 30 րոպե անց չորս տակ թանզիֆով քամեք։ Ստացված թուրմով թրջված բամբակե խծուծները 5-10 րոպե տեւողությամբ պահեք աչքերին։

Մազերի խնամքի համար. Եփեք 50 գրամ մաղադանոսի կանաչին 0,5 լ ջրի մեջ, 15 րոպեի ընթացքում։ Հովացրեք։ Այս եփուկով ցայեք լվացած մազերը, որոնք կդառնան մետաքսի պես փափուկ։

Ուտելիքը` դեղ

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Մսաղացով աղացեք 500-600 գրամ սխտոր եւ մաղադանոսի 10-12 արմատներ (կարելի է` նաեւ տերեւները)։ Խառնեք 2-2,5 ճ/գ աղ։ Պարունակությունը լցրեք 200 մլ-անոց ապակե տարաների մեջ, պահեք սառնարանում։ Խառնուրդը բարակ շերտով քսեք հացի վրա, ճաշելիս կերեք ցանկացած ապուրների եւ մսեղենի հետ։ Կարող եք նաեւ մեկական ճ/գ լցնել պատրաստի ապուրների մեջ` ճաշն անջատելուց 5-10 րոպե առաջ։

Արյունը մաքրող միջոց

Վերցրեք մեկական կարտոֆիլ, գազար, մաղադանոսի եւ քարավուզի արմատներ։

Քերիչի խոշոր հատվածով անցկացրեք կլեպով կարտոֆիլն ու գազարը, մաղադանոսի եւ քարավուզի արմատները։ Ողջ պարունակությունը եփեք կես լիտր եռջրի մեջ, 10 րոպե հետո անջատեք, վրան ավելացրեք 1ճ/գ աղացած վուշի սերմեր։ Թրմեք 10 րոպե, քամեք։ Խմեք 200 մլ առավոտյան սոված վիճակում։ Օգտագործման ժամկետը` 14 օր։

Գեղեցկության կոկտեյլներ

– Բլենդերով խառնեք 1 կապ մաղադանոսը 200 մլ մածունով։ Ավելացրեք մեկ ճ/գ մեղր։

Կարգավորում է ստամոքսի աշխատանքը, վերականգնում աղիների միկրոֆլորան, լավացնում դեմքի գույնը։

– Կտրատեք միջին մեծության լոլիկը, խառնեք 150-200 մլ թարմ (կամ թթված) կաթին։ Ավելացրեք ըստ ճաշակի աղ, պղպեղ, սամիթ եւ մաղադանոս։ Մատուցեք սառը վիճակում։