Ջո Բայդենի և Պենտագոնի նախկին ղեկավարի կնոջ «անհարմար» լուսանկարը քննարկումների առիթ է տվել

Հայտնի է, որ ավելի վաղ երկու կին Բայդենին մեղադրել էին իրենց ոչ պատշաճ ձևով հպվելու համար

Համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և Պենտագոնի նախկին ղեկավար Էշ Քարտերի կնոջ՝ Ստեֆանիի «անհարմար» լուսանկարը:

Ինչպես նշում է The Guardian-ը, 2015թ. Էշ Քարտերի երդմնակալության արարողության ժամանակ արված լուսանկարում Բայդենը հետևից մոտեցել է պաշտոնյայի կնոջը, ձեռքերը դրել նրա ուսերին ու ականջին ինչ-որ բան է շշնջում:

Համացանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել այն վարկածը, որ նախկին փոխնախագահը Ստեֆանիի կամքին հակառակ է նրան հպվել:

Սակայն Պենտագոնի նախկին ղեկավարի կինը հերքել է այս կասկածները՝ քննադատելով բոլոր այն համացանցային «փորձագետներին», որոնք առանց ճշմարտությունն իմանալու ենթադրություններ են անում լուսանկարի վերաբերյալ:

Ստեֆանիի խոսքով՝ Բայդենն իրեն գրկել էր, քանի որ զգացել է, որ ինքն այդ պահին լարված էր: Բացի այդ, փոխնախագահը շնորհակալություն է հայտնել կնոջը նրա համար, որ նա ամուսնուն թույլ է տվել ծառայել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում:

«Ինչ վերաբերում է ձեռքերն ուսերիս դնելուն, ապա նա դա արել էր ի նշան աջակցության»,-մանրամասնել է կինը:

Հայտնի է, որ ավելի վաղ երկու կին Բայդենին մեղադրել էին իրենց ոչ պատշաճ ձևով հպվելու համար, սակայն նախկին փոխնախագահն ընդգծել է, որ երբևիցե իրեն նման բան թույլ չի տվել: