Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հրաժարվում էր տեսնել՝ ինչպես էին հրեաներին գնացքներով «մահվան ճամբարներ» ուղարկում, ինչպես նաև վերացնում էր բոլոր այն փաստաթղթերը, որոնք իրեն կապում էին Հոլոքոստի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին պատմվում է նոր վավերագրական ֆիլմաշարում: Դրանում ներկայացվում է՝ ինչպես է բռնապետը փակել իր գնացքի պատուհանները, որպեսզի չտեսնի մահապատժի ուղարկվող հրեաներին:
Նշվում է, որ Հիտլերը երբևիցե չի այցելել որևէ համակենտրոնացման ճամբար, որտեղ ընդհանուր առմամբ սպանվել է 6 միլիոն հրեա:
Նացիստական Գերմանիայի առաջնորդի կյանքի՝ նախկինում անհայտ մանրամասները ներկայացվել են «Անձնական կյանքեր» վավերագրական ֆիլմաշարի շրջանակում: Դրա հեռարձակումը սկսվել է ապրիլի 1-ից:
Այն անդրադառնալու է Հիտլերի՝ բռնությամբ լի մանկությանը, նկարչական ձգտումներին, երիտասարդ կանանց հետ հարաբերություններին:
Վավերագրական ֆիլմաշարի հեղինակը դոկտոր Թրեյսի Բորմանն է, որը Հիտլերի անձի ծավալուն հետազոտություն անցկացնելու նպատակով Գերմանիա է մեկնել:
«Մինչ նրա հրամանով բարբարոսություններ էին կատարվում, նա գեթ մեկ անգամ որևէ համակենտրոնացման ճամբարում չի եղել: Երբ հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տեղափոխող գնացքը կանգնեց կառամատույցի մոտ՝ Հիտլերի գնացքի կողքին, նա փակեց պատուհանը: Հիտլերը երբեք չի ցանկացել առերեսվել դաժան իրականությանը: Նա պարզապես ցանկանում էր իմանալ, որ դա կատարվում է: Մի անգամ Հեյնրիխ Հիմլերի՝ Հոլոքոստի կազմակերպիչներից մեկի հետ լանչի ժամանակ նա ասել է, որ «չափազանց գթասիրտ է հրեաների նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ միակ լուծումը նրանց բնաջնջումն է»,-պատմել է հեղինակը:
Նշվում է, որ միակ հրեան, որին Հիտլերը փրկել է, Էդուարդ Բլոխ անունով բժիշկն էր, որը բուժել է Հիտլերի՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ մորը: 1940թ. նա բժշկին օգնել է ԱՄՆ արտագաղթել:
0Comments