Բովանդակության և ձևի արանքում

Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և մեկ տառով անգամ չի փոխվել. մարդիկ պահանջում են ողջ Արցախն, ու վերջ


2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևի և բովանդակության խնդիրն ակտուալ է մնում ներկայիս իշխանությունների գործողությունները վերլուծելիս:

Ձևով անցյալ տարվա իրադարձությունները հեղափոխություն էին, բովանդակությամբ՝ ընդամենը իշխանափոխություն, եթե չասենք՝ աթոռակռիվ:

Հայաստանին պետք են տնտեսական բարեփոխումներ: Փաշինյանը դա հասկանում է և ընտրել է հնչեղ կարգախոս՝ անվանելով այդ անհրաժեշտ բարեփոխումները «տնտեսական հեղափոխություն», բայց իրականում նրա ասածն անբովանդակ կարգախոս է, որի տակ իշխանությունները գլոբալ առումով հասկանում են «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հայտնի թևավոր խոսքը: Եւ իշխանությունը տնտեսական հեղափոխության ողջ պատասխանատվությունը նետել է քաղաքացու ուղղությամբ՝ նշելով, թե քաղաքացին ինքը պետք է քայլ անի և հեղափոխություն կատարի:

Նույնն էլ Արցախի հարցում: Նիկոլ Փաշինյանը, ընկնելով ձևի հետևից, սկսեց հայտարարել, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան (չնայած բանակցությունները երբեք տեղի չեն ունեցել առանց Արցախի իշխանության ներգրավվածության), ինչը հանգեցրեց նրան, որ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հստակ հայտարարությամբ և նշեցին, որ բանակցային ֆորմատի փոփոխությունը հնարավոր չէ առանց երկու կողմերի համաձայնության:

Փաշինյանը եթե չընկներ ձևի հետևից, իսկ իր հետաքրքրությունն Արցախով չսահմանափակվեր 2000-ականների սկզբի այն հոդվածով, որտեղ նա տարակուսում է, թե ինչպես անվանել Արցախի ազատագրված տարածքները՝ «օկուպացվա՞ծ», թե՞, այնուամենայնիվ, «ազատագրված», կհասկանար, որ առաջին հերթին պետք է պնդեր, որ պետք է կյանքի կոչվեն 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը,սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների կիրառումը, դիպուկահարներին սահմանագծից հետ քաշելը և մի շարք այլ պայմանավորվածություններ այն գինն էին, որն Ադրբեջանը վճարեց ապրիլյան ագրեսիայի համար:

Բայց փոխանակ վարչապետ Փաշինյանը պնդեր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, բանակցություններում վերականգնվեր կամ ստեղծվեր վստահության մթնոլորտը, ինչը նաևինստիտուցիոնալ հիմքերի վրա կդներ սահմանային հարաբերական անդորրը, նա փորձեց, ռուսերեն ասած, «с места в карьер» անել և սկսեց հայտարարություններ անել, որոնց արդյունքում Հայաստանն անգամ միջնորդների մոտ սկսեց ընկալվել որպես ապակառուցողական տարր (ինչը ևս մեկ անգամ արտացոլված էր Ալիևի հետ հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ):

Կրկին նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացակայում էր հղումը այդ նշված Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու անգամ Ժնևի պայմանավորվածություններին, և խոսվում էր միայն Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածություններ, որոնք որևէ պարտավորություն չեն դնում Իլհամ Ալիևի վրա ու հնարավորություն են տալիս նրան շփման գծում իրականացնել ինժեներական աշխատանքներ, որոնք մեր հարևանն, ի դեպ, իրականացնում է: «Վերելակային» դիվանագիտությունը ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին ու Ստեփանակերտին:

Սրան նաև պետք է գումարել այն, որ Փաշինյանն, առանց բովանդակության մեջ խորանալու, իր կառավարման առաջին իսկ օրվանից ամբողջովին լծվել էր «Բոլթոնի ծրագրի» (Ջոն Բոլթոն — ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական) իրականացմանը, որը, եթե շատ կարճ, կարելի էր ձևակերպել որպես «Տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց» մի նախագիծ: Հետագայում արդեն հասկանալով, որ Հայաստանում և Արցախում նա լուրջ ընդդիմության է հանդիպելու այս ծրագիրն իրականացնելիս՝ նա հետ կանգնեց այդ ամենից: Չնայած որ պետք էր ուղղակի ի սկզբանե հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը և Հայաստանն այնպիսի իրավիճակի մեջ չդնել, որ ծրագիրն իրականացնելու դեպքում մենք թե՛ ներքաղաքական և թե՛ մեր միջազգային գործընկերների հետ խնդիրներ ունենայինք:

Հետաքրքիրն այն է, որ իր այսօրվա ուղիղ եթերում, երբ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներից, նա բովանդակային կողմը թողած՝ չներկայացրեց, թե որն է Երևանի դիրքորոշումը արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք են մեզ համար, այսպես ասած, կարմիր գծերը, բայց դրա փոխարեն նա նշեց, թե բանակցություններում, իբր, մթնոլորտ է փոխվել և տարակուսանք հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանի հայտարարությունները բանակցությունների ավարտից հետո կարծես թե գալիս էին անցյալից և կրկնում էին այն ձևակերպումները, որոնք առկա էին նախկինում:

Վարչապետ Փաշինյանը կա՛մ չի գիտակցում, կա՛մ գիտակցում է և միտումնավոր չի ասում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և մեկ տառով անգամ չի փոխվել. մարդիկ պահանջում են ողջ Արցախն, ու վերջ: Ես չգիտեմ՝ ինչ մթնոլորտի փոփոխության մասին է խոսում Փաշինյանը, սակայն անկախ նրանից՝ ով է Հայաստանի ղեկավարը, Ադրբեջանի ցանկություններն ու միտումները մնում են անփոփոխ: Եւ Հայաստանի ցանկացած ղեկավարի առաքելությունը պետք է լինի այն, որ ցանկացած պահի մենք պետք է Ադրբեջանին կարողանանք պարտադրել խաղաղություն, ինչպես նաև դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը դե յուրե ամրագրել և Արցախի ժողովրդի՝ ինքնորոշված լինելու փաստը միջազգայնորեն ամրագրել:

Ամփոփելով՝ նշենք, որ Արցախի հարցը կամ, առհասարակ, ցանկացած հարց, որը վերաբերում է պետության ղեկավարմանը, պետք է լուծվի առաջին հերթին իր բովանդակային մասով. հակառակ պարագայում երկրի զարգացման տեսանկյունից մենք կունենանք խիստ վտանգավոր իրավիճակ:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Politeconomy.org