Նոր դարաշրջանի անվանումը՝«կարգ», «խաղաղություն» կամ «ներդաշնակություն»

Ճապոնիայի գործող դարաշրջանը կոչվում է Հեյսեյ՝ «խաղաղության հաստատում»

Ճապոնիայի նոր կայսեր, որը կդառնա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն, կառավարման դարաշրջանը կկոչվի Ռեյվա: Այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հայտնում է Kyodo-ն:

Ուղիղ եթերում Սուգան ցույց է տվել աղյուսակը՝ երկու հիերոգլիֆների պատկերով, որոնք կազմել են նոր դարաշրջանի անվանումը: Այն կարելի է թարգմանել որպես «կարգ», «խաղաղություն» կամ «ներդաշնակություն», ըստ news.am–ի՝ նշում է Bloomberg-ը:

Ճապոնիայի ներկայիս կայսր Ակիհիտոն, ում 85 տարին լրացավ դեկտեմբերին, գահը կլքի ապրիլի 30-ին: Օրը նշանակվել է դեռեւս 2017 թվականին: Նրա ավագ որդին՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոն կայսր կհռչակվի մայիսի 1-ին, երբ կսկսվի Ռեյվա դարաշրջանի 1-ին տարին:

Ճապոնիայի գործող դարաշրջանը կոչվում է Հեյսեյ («խաղաղության հաստատում»): Այսպիսով, երկրում միաժամանակ ընթանում է 2019 թվականը եւ Հեյսեյ դարաշրջանի 31-րդ տարին:

Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է: Նա ծնվել է 1933 թվականին, գահ է բարձրացել 1989 թվականի հունվարի 7-ին, հոր՝ կայսր Հիրոհիտոյի մահից հետո: