Սոֆյա Միքայելյանն արժանացել է միջազգային երեք մրցանակի

«Կոմպոզիցիա» անվանակարգում ներկայացվել է «Արտացոլում երեք հայելիներում» պոեմը

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը մասնակցել է «Grand Music Art» միջազգային 6-րդ մրցույթին, արժանացել  միանգամից երեք մրցանակի: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կոմպոզիտորների միությունից։ 

«Կոմպոզիցիա» անվանակարգում ներկայացնելով «Արտացոլում երեք հայելիներում» պոեմը՝ գրված ֆլեյտայի, ջութակի և  դաշնամուրի համար, կոմպոզիտորն արժանացել է երրորդ կարգի մրցանակի:

«Մենանվագ / դաշնամուր» անվանակարգում Ս.Միքայելյանը դարձյալ արժանացել է երրորդ կարգի մրցանակի, իսկ իր գեղարվեստական ղեկավարությամբ ներկայացած «Megedas» անսամբլը «Ժողովրդական նվագարաններ» անվանակարգում էլ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի: Ի դեպ, վերջինիս կազմում որպես դաշնակահար, հանդես է գալիս հենց կոմպոզիտորը (կազմում են նաև Գեորգի Մուրադխանյանը-ֆլեյտա,Դավիդ Գրիգորյանը-ֆլեյտա, Մեսրոպ Խալաթյանը-դափ, Աննա Մանուկյանը-ջութակ):