ՀՀ նախագահն անդրադարձել է ՍԴ դատավորի թափուր տեղի համար Գոռ Հովհաննիսյանի առաջադրմանը

Ազգային ժողովը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին «Օրբելի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ավարտին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Գոռ Հովհաննիսյանի առաջադրմանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց նրա թեկնածության առաջադրումը:

«Կարծում եմ շատ հստակ գրված է իմ առաջարկի մեջ: Ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են: Առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, այլ ոչ թե ուղղակի ընտրեմ: Երեք թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»,-  ասել է նա:

ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաև հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը:

Ազգային ժողովը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին: Նշենք, որ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված նախորդ երկու թեկնածուներին խորհրդարանը մերժել էր: