ԱՄՆ-ում կարող են արգելել iPhone-ի որոշ մոդելների ներմուծումը

Apple-ը խախտում է Qualcomm պրոցեսորների եւ բջջային սարքերի բաղադրիչների ամերիկյան արտադրողի արտոնագրերից մեկը

ԱՄՆ-ի Միջազգային առեւտրի հանձնաժողովի դատավորը հայտարարել է, որ iPhone- ի մի քանի մոդելների ներկրումը Միացյալ Նահանգներ պետք է արգելվի, քանի որ Apple-ը խախտում է Qualcomm պրոցեսորների եւ բջջային սարքերի բաղադրիչների ամերիկյան արտադրողի արտոնագրերից մեկը, որոշումը կկայացվի հուլիսին, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ դատավոր Մերի Ջոան Մաքնմարան հայտարարել է, որ մտադիր է խորհուրդ տալ արգելել Չինաստանում արտադրված Apple-ի որոշակի մոդելների ներմուծումը: Ընդ որում նա նշել է, որ Qualcomm-ի  այլ արտոնագրերի խախտումներ չի հայտնաբերել:

Մարտի կեսերին հաղորդվել էր, որ Սան Դիեգոյում ատենակալների դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել Qualcomm-ի արտոնագրերի խախտման համար: Դատարանը որոշել էր, որ Apple-ը խախտել է Qualcomm-ի երեք արտոնագրերը:

2018-ի դեկտեմբերին Ֆուչժոուի դատարանը նախնական արգելք էր սահմանել երկրում Apple-ի 7 մոդելների վաճառքի համար՝ Qualcomm-ի արտոնագրային իրավունքների ոտնահարման կապակցությամբ:

Ավելի ուշ Apple-ը բողոքարկել էր այդ որոշումը` նշելով, որ Qualcomm-ի արտոնագրային իրավունքները չի խախտում, եւ արտադրանքի վաճառքի արգելքը դուրս է գալիս դատարանի որոշման շրջանակներից:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Apple-ը կթարմացնի իր սմարթֆոնների ծրագրերը` բողոքների լուծման եւ Չինաստանում մի շարք iPhone մոդելի վաճառքի նախնական արգելքի չեղարկման համար: