Բրիտանացի երկու ուսանողներ որոշել են փորձել իրենց ուժերն ու երեք շաբաթով ուղևորվել են Մալայզիայի ջունգլիներ

Մանրամասներ

Բրիտանացի երկու ուսանողներ որոշել են փորձել իրենց ուժերն ու երեք շաբաթով ուղևորվել են Մալայզիայի ջունգլիներ: Երիտասարդներն իրենց հետ չեն վերցրել ո՛չ սնունդ, ո՛չ հագուստ:

Ինչպես ներկայացնում է The Mirror-ը, 26-ամյա Դենիել Օլիֆին և 27-ամյա Ջեյմս Մոյնիհենն իրենց մոտ ունեցել են միայն կայծքար, մաչետե, մժեղներից պաշտպանվելու հատուկ ցանց, ջրով լի մետաղյա տարա և առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ:

Տղաների մոտ եղած ջուրն ավարտվել է ջունգլի հասնելուց ժամեր անց: Մինչ Մոյնիհենը գնացել է ջրի աղբյուր փնտրելու՝ Օլիֆին գիշերակացի վայր է պատրաստել իրենց համար ու այդ ընթացքում հասցրել է վնասել ձեռքը մաչետեով: Նախ փորձել է սոսնձել վերքի ծայրերը, սակայն այն շարունակել է արյունահոսել: 

Արդեն առավոտյան տղաները ստիպված են եղել դուրս գալ անտառից, գտնել առաջին պատահած մեքենան ու հիվանդանոց ուղևորվել: Այստեղ Օլիֆիի վերքին կարեր են դրել, ինչից հետո բրիտանացիները կրկին վերադարձել են խուլ անտառ:

Օլիֆին խոստովանել է, որ ջունգլիներում քնելը շատ վախենալու է, քանի որ ամեն րոպե կարելի է հանդիպել օձի կամ էլ մահանալ ցրտից:

«Հենց այդ պահին հասկանում ես. այո, հենց այսպես են մահանում հիմարները, և նրանց ոչ ոք չի գտնում», - պատմել է երիտասարդը, որը չնայած այդ ամենին՝ չի զղջում կատարած քայլի համար, որը դարձել է նրա կյանքի ամենաոգևորիչ ու գլխավոր արկածը:

Ջունգլիներում գտնվելու ընթացքում տղաները շուրջ 20 կգ քաշ են կորցրել, նրանք հիմնականում սնվել են հատապտուղներով ու միջատներով, երբեմն էլ՝ կորցրել են գիտակցությունը սովից:

Հատկանշական է, որ սա Օլիֆիի կյանքում միակ նման փորձությունը չէ. 2015-ին բրիտանացին ուղևորվել է հեծանվային ճանապարհորդության Սահարայի անապատի ամբողջ տարածքով, այդ ժամանակ նա ստիպված է եղել խմել սեփական մեզը՝ ողջ մնալու համար: